Բավ է պառակտվել
08-01-2021 19:50

ԱՆ նախարարի հերքումը բավարար չէ, որ մենք «հանգստանանք»․ Ռուբեն Մելիքյան

Արդարադատության նախարարության շենքի առջև  նույնպես Ռուբեն Մելիքյանի կոչով հավաքվել են մի խումբ մարդիկ և պահանջում են հրապարակել այն փաստաթուղթը, որ հունվարի 11-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ստորագրելու է Նիկոլ Փաշինյանը։

Ակցիայի մասնակիցները, վկայակոչելով երեկվանից մամուլում շրջանառվող լուրերը, նշում են, որ վարչապետը Մոսկվա առաջիկա այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ստորագրվելու է ոչ հայանպաստ պայմանագիր։
«Մենք այլևս ցանկություն չունենք հայտնվելու նոյեմբերի 9-ի կարգավիճակում, երբ մեզ փաստի առջև կանգնեցրին։ Մենք բոլորս ունենք տեղեկատվություն ստանալու իրավունք և մենք բոլորս եկել ենք այստեղ, չենք էլ հասել այստեղ իրականում։ Երբ ես հայտնվեցի մոտակայքում, տեսա, որ 2-3 վաշտ ոստիկանական ուժեր էին այստեղ կենտրոնացած, ինչը էլի ավելի ամրապնդեց մեր համոզմունքը, որ այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է, որ գոյություն ունի փաստաթղթի նախագիծ և այն ոչ միայն գոյություն ունի, այլ անցնում է ընթացակարգեր։ Ես չգիտեմ, թե Սահմանադրությանը ինչպես են համապատասխանեցնելու, անկեղծորեն գաղափար չունեմ, թե ինչպես է հնարավոր»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ այս ամենը տեսնելով են որոշել հավաքը ինքնաբուխ ռեժիմից փոխել շտապ հավաքի ռեժիմի։

«Առաջնային նպատակը պահանջելն է, որ փաստաթուղթը հրապարակվի։ Եթե հերքում են, թող այնպես հերքեն, որ որևէ կասկած այդտեղ չմնա։ Որովհետև բազմաթիվ անգամներ է եղել, երբ քաղաքական իշխանությունը մի բան հայտարարում է, հաջորդ օրը պարզվում է, որ պարզապես ստել են։ Չմոռանանք ինչ էր կատարվում նոյեմբերի 7-9-ին, երբ ասում էին, որ Շուշին մերն է։ Մենք չենք ուզում նման վիճակում հայտնվել, մենք ունենք տեղեկատվություն ստանալու իրավունք»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով առաջին հերթին պարտավոր են պարզաբանումներ պահանջել, Արդարադատության նախարարությունից այն մասին, թե արդյոք փաստաթուղթը, որի մասին խոսք է գնում, ԱՆ-ում գտնվո՞ւմ է, թե՞ չի գտնվում։

«Մեկ նախադասությամբ հերքումը, որ այսօր ես ծանոթացա, ամենևին բավարար չի նրա համար, որ մենք «հանգստանանք», որը իրականությանը չէր համապատասխանում։ Մենք հենց այստեղից հայտարարում ենք, որ Արդարադատության նախարարությունում աշխատող գործընկերները հնարավորություն ունեն գալ ներքև և, մեր աչքերի մեջ նայելով, փորձեն հերքեն այդ գնալով ավելի շատ ճշմարտանման դարձող լուրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը։

Ցուցարների հետ հանդիպմանը եկավ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով կոչ արեց չհավատալ համացանցում տարածվող լուրերին, թե ԱՆ-ում կա գաղտնի փաստաթուղթ, որը հունվարի 11-ին պատրաստվում են ստորագրել Փաշինյանը, Ալիևը և Պուտինը:
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա: Տարածվածն ուղղակի ապատեղեկատվություն է»,- ասաց Բադասյանը:

Հարցին, թե արդյոք նախարարը տեղյա՞կ է, կա՞ փաստաթուղթ, որը պետք է հունվարի 11-ին ստորագրվի Մոսկվայում, նման հարց քննարկվե՞լ է Կառավարությունում, Բադասյանը պատասխանեց. «Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես՝ որպես կառավարության անդամ տեղյակ կլինեի նման միջազգային պայմանագրի մասին: Կառավարությունում էլ չի քննարկվել որևէ նման հարց, ես որևէ նման տեղեկատվություն նման պայմանագրի մասին չունեմ»:

Արմինե Գևորգյան