Բավ է պառակտվել
17-01-2020 18:04

«Ով իրա կնոջ կողքը քնի, հարկ պիտի տա․ մնացել ա էդ անեն»

Եթե կառավարությունը հետ չկանգնի իր որոշումից՝անասնապահները Երեւան միս չեն մատակարարի, քանի որ չեն ցանկանում մորթը սպանդանոցներում կազմակերպել: 
Արդեն երկու օր է բողոքի ակցիա են անցկացրել անասուն ունեցող գյուղատնտեսները՝ դժգոհելով, որ կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։ Հիշեցնենք, որ պարտադիր սպանդանոցներում մորթն անելու որոշումն ընդունվել է մեկ տարի առաջ եւ ուժի մեջ մտել 2018 թվականի հուլիսի 1-ից։ Հաշվի առնելով սպանդանոցների քանակը ու դրանք կառուցելու գործընթացները, որոշման իրականացման վերահսկողությունը հետաձգվել էր եւ այսօրվանից, ըստ էության, ուժի մեջ է մտնում այդ որոշման իրականացումը վերահսկելու պայմանը։
Այսօրվանից շրջանառությունից հանվել է սպանդանոցում մորթի սերտիֆիկատ չունեցող միսը, այսինքն՝ մսեղիքը պետք է ունենա N5 ձեւը։ Կսահմանվեն նաեւ պատժիչ միջոցներ այս պահանջը չկատարելու դեպքում: Բակային մորթը կթույլատրվի միայն կրոնական ծեսերի եւ անձնական օգտագործման համար։ Հենց այս խստացման դեմ բողոքելու համար կառավարության մոտ հավաքված բողոքի ակցիա անցկացնող անասնապահները պնդում են՝ կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ կառավարությունը որոշում է կայացրել, որ սպանդանոցներում պետք է լինեն բոլոր գործողությունները, բայց կառավարությունը տեղյա՞կ է՝ ինչ է կատարվում սպանդանոցներում, որ որոշումը հիմնավորվում է սպառողների շահերի տեսանկյունից։
Բացի սպանդանոցային պայմանների խնդրից՝ գյուղատնտեսները նաեւ նշում էին այն ծախսերը, որոնք պետք է գյուղացին կատարի մինչեւ իր անասունների՝ սպանդանոց տեղափոխելը:Բողոքողներից մեկն էլ շեշտեց, թե կառավարության որոշումը ստիպում է, որ վերջ տան անասուն պահելուն: «Ով իրա կնոջ կողքը քնի, հարկ պիտի տա, մնացել ա էդ անեն»։
Փոխանակ Կառավարությունը գյուղացուն պարարտանյութ տա, օգնի զարգացնել գյուղատնտեսությունը՝ ուզում է իրենց ունեցածը իրենց ձեռքից տանի։ «Մենք գյուղացիներով կորոշենք մեր հետագա քայլերը: Կա´մ թող որոշ ժամանակ տան, կա´մ սպանդանոցում մորթ չի լինելու: Եթե մեզ այսօր չպատասխանեն, մսի հետ կապված որքան մարդ կա, երկուշաբթի, ժամը տասին կլինենք և կտեսնեք, թե հրապարակում որքան մարդ կա»,-ասաց անասնաբույծներից Գարիկ Գևորգյանը և նշեց, որ այսօր խնդրանքով են եկել, սակայն երկուշաբթի սպասում են վերջնական պատասխանի:

 

Արմինե Գևորգյան