Բավ է պառակտվել
17-12-2020 18:49

Կամավորականներից պահանջում են հեռանալ ներկայիս դիրքերից․ Կապանի քաղաքապետն աջակցեց ակցիայի մասնակիցներին

Ներկայիս դիրքերից հայ կամավորականներին դուրս բերելու դեպքում Ադրբեջանի զինված ուժերը Կապանի բնակելի տարածքներից 1 կմ հեռավորության վրա կհայտնվեն:

Սպառնալիքի տակ է ինչպես Կապանի, այնպես էլ հարակից գյուղերի անվտանգությունը, Sputnik Արմենիային ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, նշելով, որ տարածաշրջանի բնակիչները սպասում են Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանմանը:

«Նրանք [ակցիայի մասնակիցները] ճիշտ են անում: Բանը հասավ նրան, որ ժողովուրդն ու կամավորականները դուրս եկան, փակեցին մայրուղին անվտանգության երաշխիքների ստանալու համար: Սա այն նույն խնդիրն է, որի մասին ես խոսում եմ արդեն մեկ ամսից ավելի», - ասաց Փարսյանը:
Նրա խոսքով, Պաշտպանության նախարարությունից կամավորականներին ասվել է, որ պետք է հեռանան իրենց զբաղեցրած դիրքերից դեպի «խորհրդային սահմաններ», այսինքն` նրանցից, ովքեր ապահովում են ինչպես Կապան քաղաքի, այնպես էլ հարակից գյուղերի անվտանգությունը:

«Այսինքն՝ այս անվտանգության գոտին այլևս չի լինի: Թշնամին կլինի մեր բնակավայրից 1 կմ հեռավորության վրա, իսկ օդանավակայանից 200-300 մետր հեռավորության վրա: Մեր գյուղական ճանապարհները կհայտնվեն շրջափակման մեջ: Սա խայտառակ իրավիճակ է», - ասաց Փարսյանը:

Նա նշեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարը Սյունիքում է, Կապանում հույս ունեն, որ նա կգա այնտեղ՝ հասկանալու, թե ինչպես է հարցը լուծվելու:

Նշենք, որ ցուցարարները փակել էին Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքի կողքով անցնող ճանապարհը: Ակցիայի պատճառը մարդկանց անհանգստությունն է, կապված Լեռնային Ղարաբաղի՝ տարածաշրջանին սահմանակից շրջաններն Ադրբեջանին փոխանցելու հետ: