Բավ է պառակտվել
18-12-2020 21:19

Խորհրդային սահմաններից մինչ GPS. վերլուծենք, թե ինչ է կատարվում Սյունիքում

Կապանի տարածքում, քաղաքի օդանավակայանում և հարակից բնակավայրերում աշխատեց «դանդաղեցված գործողության ականը»: Իրավիճակը Սյունիքում, որտեղ սկսվել են ինքնաբուխ բողոքի գործողություններ, այլ կերպ հնարավոր չէ նկարագրել։

Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից և մարտավարական իրավիճակի փոփոխությունից հետո Հայաստանի հարավում ստեղծվեցին նոր սահմաններ: Շրջկենտրոնն ու բազմաթիվ գյուղեր, որոնք 1993 թվականից գտնվել են շփման գծի խորը թիկունքում, կրկին դարձել են Ադրբեջանի հետ սահմանակից: Sputnik Արմենիան վերլուծում է իրավիճակը:

Թղթի վրա
Եռակողմ հայտարարությունը դարձել է արյունահեղությունը դադարեցնելու հիմնական փաստաթուղթը: Այն սահմանում է Երևանի, Բաքվի և Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հիմնական գործողությունները: Խոսքը Ղարաբաղի տարածքի ու դրան հարող ադրբեջանական յոթ շրջանների մասին է, որոնք 1994-ին զինադադարին հասնելուց հետո գտնվում էին ԼՂՀ վերահսկողության տակ: Դրանցից որոշ շրջաններ՝ Լաչինը, Քուբաթլին և Զանգելանը խորհրդային տարիներին սահմանակից էին հայկական Գորիսին, Կապանին և Մեղրիին:

Պայմանագրի համաձայն այս ուղղությամբ հայկական ստորաբաժանումները ստիպված են հետ քաշվել հին սահմաններ: Այսինքն, եթե Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՀԽՍՀ իրավահաջորդը և աշխարհում ճանաչվեց այդպիսի սահմաններում, ապա Սյունիքի նրա նոր սահմաններն այժմ այն սահմաններն են, որոնք ժամանակին որոշվել էին խորհրդային կառավարության կողմից՝ Անդրկովկասը ազգային հանրապետությունների վարչական բաժանման արդյունքում:

Հողի վրա
Տեղի բնակիչների այս իրավիճակից դժգոհության պատճառը սպառնալից իրականությունն է: Օրինակ՝ Կապանի կողքին վեր խոյացող լեռնաշղթան վերադառնում է Ադրբեջանին: Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ (1992-1994) այնտեղ կրակակետեր էին սարքավորված: Այնտեղից իրականացվել են Կապանի և հիմնական ճանապարհների գնդակոծությունները, որոնք դարձել են վտանգավոր, չնայած հսկայական պաշտպանիչ պատնեշների առկայությանը: Ստիպված օգտագործվում էին շրջանցիկ երկար երթուղիները, իսկ օդանավակայանի աշխատանքն ամբողջովին կաթվածահար էր: Ելնելով պատերազմի տրամաբանությունից՝ հայկական զորքերը նախ իրենց հսկողության տակ վերցրեցին այս գերիշխող դիրք ունեցող բարձունքները, իսկ ժամանակի ընթացքում զգալիորեն հեռացրեցին շփման գիծն այս ուղղությամբ՝ մինչև Հորադիզ (արևելյան ուղղություն):

Հրադադարի 26 տարիների ընթացքում Սյունիքում տրանսպորտային ենթակառուցվածքները զգալիորեն փոխվեց: Ճանապարհային ցանցը կառուցվել էր առանց հաշվի առնելու նախկին սահմանները՝ ելնելով հաղորդակցության փաստացի կարիքներից և հարմարությունից: Այժմ այդ ճանապարհները մասամբ անցնում են Ադրբեջանի տարածքով, և տեղի բնակիչներն արդեն զգուշանում են օգտագործել դրանք, իսկ նոր երթուղիներ ստեղծելու համար ժամանակ է հարկավոր: Այսինքն՝ որոշ գյուղեր զրկվում են ելումուտից։ Բացի այդ, խորհրդային տարիներին որոշ հայկական բնակավայրերի, օրինակ՝ Շուռնուխ գյուղի մոտ ադրբեջանական բնակավայրեր կային: Սյունեցիներն ահազանգում են, որ նոր իրողությունում սա ենթադրում է ոչ միայն խաղաղ բնակիչների, այլ նաև զինվորական անձանց հայտնվելը:

Ինչպե՞ս կարող են նրանք ապրել նման ռիսկերով: Իշխանություններն այս հարցին հստակ պատասխան չունեն: Մարզի բնակիչները կարծում են, որ չի կարելի զորքերը ետ քաշել Հայաստանի սահմանի ֆորմալ գիծ: Նրանք պետք է մնան այնպիսի դիրքերում, որոնք իրականում ապահովում են անվտանգությունը և դրանից հետո միայն սկսել սահմանազատման բանակցությունները (որն այժմ իրականացվում է GPS-ի հիման վրա):

Սահմանին
Սյունիքում դժգոհությունների հուզական ֆոնին նպաստում են սոցիալական ցանցերում քննարկումները, որտեղ ակտիվորեն քննարկվում է ռուս խաղաղապահների դերը: Շատ դեպքերում այս դատողություններն արվում են հավակնությունների վերածվող ենթադրությունների հիման վրա, այլ ոչ խնդրի մասին իրական գիտելիքների: Իրականում, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները կոչված չեն լուծելու նոր-հին սահմանների հարցերն, այլ մասնակցում են կողմերի շփումներին ՝ բացառապես հնարավոր բածումները կանխելու համար: Նրանք ազդեցություն չունեն Բաքվի և Երևանի որոշումների վրա, նրանց խնդիրն է ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Բացի այդ, արդեն բազմիցս հաղորդվել է, որ Սյունիքում հայ-ադրբեջանական սահմաններին կտեղակայվեն ոչ թե խաղաղապահներ, այլ ռուս սահմանապահներ: