Բավ է պառակտվել
01-03-2021 08:50

Հայրը պնդում է՝ որդու մահվան պատճառը սխալ հրամանն էր․ կպատժվի՞ հրամանատարը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն օրերս փոխել է Արցախի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը դարձնելով ստրագրություն՝ չհեռանալու մասին։ Քրեական գործը հարուցվել էր զոհված զինծառայող Արման Օհանյանի հոր դիմումի հիման վրա։
Հանրապետության նախագահի 2020թ․ հոկտեմբերի 16-ի հրամանագրով Արման Հարութի Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար։ Արմանի հայրն ասում է՝ մեդալը հետմահու չէր լինի, որդին էլ այսօր իր կողքին կլիներ, եթե զինվորներին սխալ հրաման չտրվեր։

Արմանը ժամկետային զինծառայող էր։ Ծառայությունը սկսել էր Էջմիածնում, հետո տեղափոխվել էր Մեղրի։ Պատերազմի առաջին իսկ օրերին զորամասը մեկնել էր Ջաբրայիլ։ Հայրը պատմում է, որ մի քանի օր հետո էլ ինքն է գնացել ճակատ՝ որդու կողքին լինելու համար։ Հոկտեմբերի 2- ին արդեն Ջաբրայիլում էր։ Դեպքը տեղի է ունեցել հոկտմեբերի 9–ին։
«Հրաման եղավ, որ ամբողջ զորամասի, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը Արցախի Հորադիզի շրջանի Տիլի գյուղից տեղափոխեն։ Հասանք խաչմեերուկ, մեքենան գնաց լիցքավորվելու։ Հետ գալուց արդեն լսվում էր ԱԹՍ–ի ձայնը, երեխաներին իջեցրեցինք մեքնենայից ու ասացինք՝ թաքնվեն։ Այդ ժամանակ եկավ իրենց մարտականի պետը։ Ասաց՝ ինչի ե՞ք կանգնել, հրամանատարն ասաց, որ ԱԹՍ կա վերևում, ու ձայնը ուժեղ գալիս էր։ Բացի մեզանից՝ այդտեղ ուրիշ մարդիկ էլ կային։ Ասաց՝ կապ չունի, նստեք, որ շարժվենք։ Ես էլ գոռացի ու, ախր, ԱԹՍ- ն վերևում է, ասաց՝ կապ չունի։ Ու երեխեքը նստեցին և շարժվեցին։ Տասը րոպե չէր անցել, ու անօդաչու թռչող սարքը հարվածեց երեխեքին։ Մենք Նիսսան մեքենայով գնում էինք իրենց առջևից»,-պատմեց զինծառայողի հայրը։
«Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի 19 զինծառայողները, բացի մեկից, զոհվել են։ Հարություն Օհանյանը և զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետը, որոնք հրդեհված մեքենայի առջևից ընթացող «Նիսսան»-ում են եղել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

«Ես այդ պահին իջա, ուզում էի մի բան անել, բայց ոչ մի բան չկարողացա։ Գոռում էի՝ բռնեք դրան, իրա պատճառով մեր երեխեքը էդպես եղան։ Ինքը փախավ»։
Հարություն Օհանյանն ասում է՝ որդուն մի քանի անգամ առաջարկել է իրենց մեքենայով գնալ, բայց Արմանը հրաժարվել է՝ ասելով, որ ճիշտ չէ ընկերներին թողնելը։

2020 դեկտեմբերի 8-ին Օհանյանի դիմումի հիման վրա քրեական գործ հարուցվեց։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա.Վ-ին դեկտեմբերի 29-ին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության ժամանակ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Նույն օրը նախաքննական մարմինը միջնորդություն ներկայացրեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ա.Վ-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվեց:

Հարությունն ասում է՝ դեմ առ դեմ հանդիպել է փոխգնդապետին առերեսման ժամանակ․ «Դե, ասում է, որ ես նման հրաման չեմ տվել, ես ԱԹՍ–ի ձայն չեմ լսել, բայց ինքը սուտ է ասում։ Այնտեղ լիքը մարդ է եղել։ Կարող են հետաքննել ու պարզել։ Կալանավորեցին, բայց ես տեղեկացել եմ, որ ազատ է արձակվել, հիմա կրկին հայց եմ ներկայացրել դատախազություն, որպեսզի ինձ տեղեկատվություն տրամադրեն, թե ի՞նչու են ազատ արձակել։ Ես, մեկա, մինչև վերջ գնալու եմ»։

«Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ա.Վ-ի խափանման միջոցը փոխվել է պաշտպանի միջնորդության հիման վրա։ Որպես խափանման միջոց՝ կալանքի փոխարեն կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Արմինե Գևորգյան