Բավ է պառակտվել
10-05-2019 22:19

Հայաստանի թոշակի գնացած զինվորականները դժգոհ են բնակարանների սերտիֆիկատների սահմանված չափից

Հայաստանի կառավարությունն ուրբաթ օրը կայացած նիստի ժամանակ սահմանել է տարիքի ու առողջական վիճակի պատճառով զինծառայությունից ազատված զինծառայողներին տրամադրվող բնակարանային սերտիֆիկատների չափը։ Հաստատվել է նաև սերտիֆիկատներ ստանալու կարգը։

Ինչպես նշել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, դեռևս 2018 թվականի դեկտեմբերին որոշում էր կայացվել այս նպատակների համար տրամադրել 5,7 մլրդ դրամ (ավելի քան 11,8մլն ԱՄՆ դոլար)։

Նա պատմել է, ինչպես են նախատեսում բաշխել այդ միջոցները։ “Երևանում բնակարան գնելու համար սերտիֆիկատով կտրամադրվի բազմաբնակարան շենքների բնակարանների շուկայական արժեքի 50 տոկոսի չափով գումար, հանրապետության այլ քաղաքներում` միջին գնի հաշվարկով, իսկ գյուղերում` բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի 90 տոկոսի չափով”,-ասել է նա։

Պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, Տոնոյանը տեղեկացրել է, որ հաշվարկների համաձայն մարզերում հատկացվող գումարը հնարավորություն է տալիս 100 տոկոսով բավարարել կարիքները։

Նախկին սպաները դեմ են

Միևնույն ժամանակ, նախագիծը չի արժանացել միաձայն հավանության։ Նիստից առաջ կառավարության շենքի առաջ տեղի ունեցավ նախկին զինվորականների բողոքի ակցիան, ովքեր պնդում են, որ հատկացված գումարները բավարար չեն։

“Վերջին տարիներին կառավարությունը նոր բնակարաններ է կառուցել ու հատկացրել 1,5 հազար նախկին զինվորականների։ Հիմա նրանք ապրում են ջեռուցվող, վերանորոգված սեփական բնակարաններում, որոշ շենքերում բնակարաններն անգամ կահավորված էին”,- բողոքողների անունից ասաց նախկին սպա Կարեն Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ այդ բնակարանների համար հատկացված գումարները ներկայիս տրամադրվող գումարների հետ համեմատելիս ակնհայտ է դառնում, որ այդ գումարները չեն փակի անհրաժեշտ միջոցների նույնիսկ 25 տոկոսը։

Նրանք նշել են, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ հասկանում է, որ գումարներն անբավարար են և խոստացել էր հետագայում միջոցներ ձեռնարկել։

“Այսօրվա որոշման մեջ գրված է, որ այդ գումարները հիմա են հատկացվելու, և հետագա տարիներին նախկին զինվորականների բնակարանների համար ֆինանսավորման կարիք այլևս չի լինի”,- նշեց նա։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են սերտիֆիկատների փոխարեն իրենց ապահովել բնակարաններով։