Բավ է պառակտվել
11-11-2020 12:00

«Փաշինյանի իշխանության հեռացում օր առաջ». Վանեցյան

Ազատության հրապարակում այսօր նախանշված 17 կուսակցությունների հանրահավաքին եկած անձանց ոստիկանները բերման են ենթարկում։
Նշենք, որ հանրահավաքը պետք է կայանա ժամը 13-ին, սակայն մինչ այդ հրապարակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։ Նրանք լրագրողներին նույնպես չթույլատրեցին տեղադրել իրենց տեխնիկան։
Քիչ առաջ բերման ենթարկվեց նաև բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, ՀՀԿ–ական Հայկ Մամիջանյանը և Միհրան Պողոսյանը։ Ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով Ազատության հրապարակ մտնել, իսկ ում էլ հաջողվում է ներս մտնել, բերման են ենթարկում։
Բերման ենթարկվածների թվում են նաև իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական Վարդան Ոսկանյանը, ՀՀԿ–ական Կարինե Աճեմյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին։
Ազատության հրապարակում ցուցարարներին միացավ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Լրագրողի հարցին, թե ո՞րն է հանրահավաքի օրակարգը, Վանեցյանը պատասխանեց.
«Փաշինյանի իշխանության հեռացում օր առաջ:
Ազատության հրապարակից բերման ենթարվեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նա ասաց, որ Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ:
Թե ինչ մեղադրանք է առաջադրվել, իրենք չգիտեն:
«Բոլորն էլ հասկանում են, որ որոշման ստորագրումից հետո Փաշինյանը իր վրայից մեղավորության սլաքները ուղղում է այլոց վրա, նա է մեղավոր, պատասխան է տալու», - ասաց նա:
Ի դեպ, ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել  էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։
Հիշեցնենք, որ 17 կուսակցություններ այսօր ժամը 13:00-ին որոշել են Ազատության հրապարակում հանրահավաք իրականացնեն, թեման` պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են լինելու։ Մինչ այդ, 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Արմինե Գևորգյան