Բավ է պառակտվել
08-11-2021 12:02

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը նոյեմբերի 9-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Օրինագիծը կներկայացնի պահպանողական պատգամավոր Թիմ Լոութոնը՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչելու նպատակով, հայտնում է ՀՅԴ հասարակության հետ կապերի գրասենյակը։

Նշվում է, որ օրինագիծն ունի հիմնական երեք դրույթն․ առաջին՝ Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ․ ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն, երկրորդ՝ ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում, երրորդ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործություների վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։
Ըստ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը Բրիտանիայի համար կարևոր է մի քանի պատճառով: Նախ՝ օրինագծի ընդունումը կհաստատի Մեծ Բրիտանիայի հավատարմությունը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային և նրա հիմնական արժեքներին։ Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան կամրապնդի իր հավատարմությունը համամարդկային իրավունքների պաշտպանությանը, քանի որ նման մասշտաբի հանցագործությունը չճանաչված թողնելը անպատժելիության վտանգավոր ուղերձ է. անպատիժ հանցագործությունը խրախուսվող հանցագործություն է:
Բացի այդ, Միացյալ Թագավորության, որպես համաշխարհային խաղացողի դերն ու պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առաջ մղել Ցեղասպանության ուսումնասիրությունը և մեծացնել մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը:
«Մեծ Բրիտանիան արևմտյան այն սակավաթիվ առաջատար երկրներից է, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը վկայում է արդարադատության հիմնարար հասկացությունների պահպանման կոպիտ ձախողման մասին: Թիմ Լոութոնի օրինագիծը Մեծ Բրիտանիային հնարավորություն է տալիս շտկելու այս անարդարությունը»,- նշվում է գրասենյակի հայտարարությունում:
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը և ՄԹ հայ համայնքը կոչ են անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ բրիտանական արժեքները պաշտպանելու և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։