Բավ է պառակտվել
24-06-2016 10:07

Հռոմի պապը սեփական ինքնաթիռ չունի

Մինչև 20-րդ դարի կեսերը Հռոմի պապերը ճանապարհորդում էին նավերով: Ինքնաթիռ բարձրացած առաջին Հռոմի պապը Պողոս VI-ն էր, ով 1964 թ-ին ինքնաթիռով ուղևորվեց Ավետյաց երկիր:

Տարիներ անց Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը յուրօրինակ ռեկորդ սահմանեց` 104 միջազգային ուղևորություն կատարելով:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանակին մի առիթով ասել էր, թե չի սիրում ճամփորդել, բայց այժմ արդեն ոչ միայն հարմարվել է ճանապարհորդություներին, այլև, ըստ որոշ լուրերի, ինքնուրույն է ինքնաթիռ հասցնում իր ուղեբեռը:

Հատկանշական է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը սեփական ինքնաթիռ չունի: Պապի ուղևորությունների համար Վատիկանը վարձակալում է տեղական ավիաընկերությունների, մասնավորապես` Alitalia-ի օդանավերը:

Իսկ Վատիկան Պապը վերադառնում է, որպես կանոն, իր այցելած երկրի ազգային փոխադրողին պատկանող ինքնաթիռով: Բայց որպեսզի պարզ լինի, թե ինչ կարևոր առաքելություն է իրականացնում տվյալ ինքնաթիռը, դրա վրա տեղադրվում են Վատիկանի դրոշն ու զինանշանը:

Բացի Հռոմի պապից` այդ ինքնաթիռով են երթևեկում նաև նրա միջազգային այցերը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց համար հենց ինքնաթիռում կազմակերպվում է 20-60-րոպեանոց մամուլի ասուլիս, որից հետո լրագրողները, երբեմն հենց ինքնաթիռից ուղիղ եթեր են մտնում` ռադիոյով ու հեռուստատեսությամբ ներկայացնելով Պապի այցի կարևոր առանձնահատկությունները:

Ավելի կարճ թռիչքների համար Հռոմի պապը հաճախ օգտվում է Իտալական ՌՕՈՒ-ին պատկանող «SikorskySH-3 SeaKing» ուղղաթիռից:

Հռոմի պապի օդային ճամփորդությունների ընթացքում միակ միջադեպը գրանցվել է ս.թ. փետրվարի 12-ին` Հռոմի Պապի` Հավանայից Մեխիկո թռիչքի ժամանակ: Alitalia ավիաընկերությանը պատկանող, Հռոմի Պապին տեղափոխող ինքնաթիռի օդաչուներին ինչ-որ խուլիգաններ փորձել էին «կուրացնել» երկրից արձակված լազերային ճառագայթով: Միջադեպը տեղի էր ունեցել օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի պահին, և, բարեբախտաբար, որևէ լուրջ հետևանք չէր ունեցել: