Բավ է պառակտվել
22-06-2016 16:13

Հռոմի Պապին «Զվարթնոց»-ում կդիմավորեն ծիրանով և լավաշով

Հռոմի Ֆրանցիսկոս Պապին հունիսի 24-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կդիմավորեն հայկական լավաշով եւ ծիրանով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Հռոմի պապին դիմավորելու արարողակարգում կան լրացուցիչ տարրեր` մանկական երգչախումբ եւ ժամանման պահին հայկական ծիրանի ու լավաշի մատուցում հայ մանուկների կողմից»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Եռօրյա այցի ընթացքում Հռոմի Պապն այցելելու է Էջմիածին, Գյումրի, Խոր Վիրապ, իսկ Երեւանի Հանրապետության հրապարակում կմատուցվի պատարագ: Նշենք, որ Հռոմի Պապի այցը առաջին քրիստոնյա երկիր լուսաբանելու համար արդեն իսկ հավատարմագրվել է 600-ից ավելի լրատվամիջոց, որոնց կեսը` միջազգային: «Ստեղծված են աշխատանքային վայրեր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Միջոցառումներին կարելի է հետեւել նաեւ հայկական հեռուստաընկերությունների ուղիղ հեռարձակմամբ»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Հռոմի պապի այցի շրջանակում կայանալիք միջոցառումներին մասնակցելու համար մեծ թվով մարդիկ են ժամանել Սփյուռքից: Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստանից կմեկնի հունիսի 26-ին երեկոյան: