Բավ է պառակտվել
27-10-2021 11:53

Հայաստանի խորհրդարանը հարգել է 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Հայաստանի ազգային ժողովը չորեքշաբթի հերթական նիստին մեկ րոպե լռությամբ հարգեց 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը։

1999թ․ հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեց Ազգային ժողովի նիստերի դահլիճ և տեղում գնդակահարեց հանրապետության խորհրդարանի և կառավարության այնտեղ գտնվող ղեկավարներին ու անդամներին։

Ահաբեկչության արդյունքում զոհվեցին Ազգային ժողովի նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Ահաբեկիչների դատավարությունը շարունակվեց 2001-ից 2003 թվականը, մեղադրող կողմը պահանջում էր պատժի բարձրագույն չափ, սակայն 2003թ․ սեպտեմբերին Հայաստանում վերացվեց մահապատիժը։

Ցմահ ազատազրկման դատապարտվեցին վեց ահաբեկիչ, այդ թվում՝ խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, նրանց հորեղբայրը՝ Վռամ Գալստյանը (մահացել է բանտում 2004թ., մահվան պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն), Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը (մահացել է 2017 թ. նոյեմբերին) և Աշոտ Կնյազյանը։ Խմբի մեկ այլ անդամ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման (մահացել է 2010թ. մայիսին, ըստ բժշկական փորձաքննության՝ սրտի կաթվածից։