Բավ է պառակտվել
15-09-2016 14:15

Արթուր Դավթյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազի նշանակման համար առաջադրված Արթուր Դավթյանը պատգամավորների ձայների մեծամասնությամբ նշանակվեց պաշտոնում: 
Ինչպես ԱԺ-ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտարարեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, Արթուր Դավթյանի թեկնածությունը հավանության է արժանացրել քվեարկությանը մասնակցած 103 պատգամավորներից 97-ը: 
Նրա թեկնածությանը դեմ են քվեարկել 3 պատգամավոր, իսկ անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:
Ապա ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ պաշտոնը պատասխանատու է ու հաջողություններ կարելի է արձանագրել ԱԺ-ի հետ համագործակցության արդյունքում: 
«Գիտակցում եմ իմ առջև դրված խնդիրները: Վստահեցնում եմ, որ գիշեր ու զօր աշխատանքով ամեն ինչ անելու ենք՝ սպասումներն արդարացնելու համար»,-նշեց նա:  
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցի՝ կարո՞ղ է հրապարակային խոստանալ, որ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանում անպատժելի մարդիկ դատապարտվելու են օրենքի ողջ խստությամբ, երբ լինի դրա կարիքը, Արթուր Դավթյանն ասել էր. «Նման գնահատմամբ մարդկանց ես Հայաստանում չեմ ճանաչում: Նման մարդիկ չկան և չեն լինի, դուք կտեսնեք»: