Բավ է պառակտվել
13-04-2021 19:22

ԵԽԽՎ-ն պարտադրել է Ադրբեջանին ապահովել հայ ռազմագերիների վերադարձը և համագործակցել ՄԻԵԴ-ի հետ

Ադրբեջանը պարտավոր է ամբողջովին համագործակցել դատարանի հետ՝ տրամադրելով տեղեկատվություն դատարանին և ապահովելով գերիների անհապաղ վերադարձը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9/10-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետի։ Այս մասին ասել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նախագահը՝ Պիեռ-Ալեն Ֆրիդեսը։
Ֆրիդեսը իր խորը անհանգստությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում գերության մեջ հայտնված անձանց և անհայտ կորածների ճակատագրով։

Նա շեշտել է, որ դա առավել մտահոգիչ է Եվրոպական դատարանի 2021թ․ մարտի 16-ի հաղորդագրության համատեքստում, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը «չի հարգում դատարանի կողմից սահմանված ժամկետները ներկայացնելու այդ անձանց մասին համապատասխան տեղեկատվություն և ներկայացնում է ընդհանրական և սահմանափակ տեղեկատվություն»։

«Դատարանն արձանագրել է Ադրբեջանում պահվող 188 հայերի` ենթադրյալ գերի լինելու հանգամանքը: Չնայած այդ ժամանակից ի վեր այս թիվը կարող է նվազած լինել, պահվող անձանց թիվը շարունակում է մնալ բարձր, ինչը մտահոգիչ է: Ինձ անհանգստացնում է նաև վերջին հակամարտության արդյունքում անհայտ կորածների հարցը, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, 1991-1994 թվականներին անհայտ կորած անձանց ճակատագիրը: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համագործակցեն առանց նախապայմանների, բարեխղճորեն և ԿԽՄԿ-ի օգնությամբ գտնել անհայտ կորածների խնդրի լուծումը և կազմակերպել բոլոր գերների արագ ազատումն», - ասել է նա:

Ֆրիդեսը շեշտել է, որ նաև խիստ մտահոգիչ է հակամարտության տարածաշրջանում տեղադրված ականներից զոհերի աճող թիվը:

«Տեղեկատվությունը (քարտեզների մասին - խմբ.), եթե այդպիսին կա, պետք է անհապաղ բացահայտվի: Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցեն և կլուծեն այս հրատապ խնդիրը՝ մահերից և վնասվածքներից խուսափելու համար», - ասել է նա:

Նա հայտարարել է, որ հանձնաժողովը պատրաստ է աջակցել երկու երկրներին լուծելու այս ողբերգական երկարատև հակամարտության հումանիտար հետևանքները:

Ադրբեջանը փորձել է ձախողել քննարկումները

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հայտնել է խորհրդարանում, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստի նախօրեին բուռն քննարկումներ են ընթացել հայ ռազմագերիների շուրջ իրավիճակի կապակցությամբ։

«Նիստին ներկա էինք ես և տիկին Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը - խմբ.): Ադրբեջանական կողմը գործադրում էր բոլոր ջանքերը քննարկումը տապալելու համար, բայց այսօր մեր համատեղ ջանքերով հանձնաժողովի ղեկավարը հանդես եկավ հայտարարությամբ»,- ասել է նա։

Հայ գերիների մասին

Հայաստանի իշխանությունները չեն հայտնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ստույգ քանակը, պատճառաբանելով պետական գաղտնիք լինելու հանգամանքով։ Հայաստանի արտգործնախարարությունը նշում է 188 թիվը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվում են հայտեր ադրբեջանական գերության մեջ պահվող 228 հայի վերաբերյալ։
Սոցցանցերում հայտնվում են տեսահոլովակներ, որտեղ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվորները և խաղաղ քաղաքացիները ենթարկվում են ծաղրի և նվաստացուցիչ վերաբերմունքի։

Ընդհանուր առմամբ, փետրվարի 10-ի դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հաջողվել է տուն վերադարձնել Հայաստանի 69 քաղաքացի և 16 ադրբեջանցի։