Բավ է պառակտվել
21-05-2019 14:25

Փաշինյանն ու իր թիմն այսուհետ ամբողջությամբ պատասխանատու են Հայաստանում հետագա զարգացումների համար․ԵՄԱ նախագահ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմն “այսօրվանից իրենց վրա են վերցրել ամբողջ պատասխանատվությունը երկրում հետագա զարգացումների համար”,- երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

“Իրենցից է կախված լինելու, կկարողանան այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կարժանանան լայն հանրության հավանությանը, թե կխորացնեն դժգոհությունները”,- նշել է նա:

Նրա կարծիքով, այլևս չի ստացվելու որևէ կառույցի, կամ քաղաքական ուժի հետ կիսել, կամ նրանց վրա դնել պատասխանատվությունը թերացումների համար:

“Քաղաքական անզիճում հակառակորդներից բացի այլևս չկա վարչապետի քաղաքական կամքին բաց և արդյունավետ դիմադրություն ցուցաբերող որևէ սուբյեկտ”- կարծում է ԵՄԱ նախագահը:

Նա հավելել է, որ հեղափոխական դիկտատուրայի այլընտրանքը Հայաստանում չկայացավ: “Որպեսզի հեղափոխական դիկտատուրան չվերածվի սովորական դիկտատուրայի, կամ ամբողջությամբ չձախողվի, իշխանությունները պետք է կարողանան բարեփոխումների գործընթացում ներառել բոլոր առողջ ու կարող մարդկային ռեսուրսները, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորությունները: Վերջիններս էլ չունեն ազնիվ այլընտրանք, քան ընդունել կառուցողական համագործակցության հրավերը”,- նշել է Նավասարդյանը:

Նա նաև մեկնաբանել է Արփինե Հովհաննիսյանի (Սերժ Սարգսյանի իշխանության օրոք արդարադատության նախկին նախարար՝ խմբ.) առաջարկը գործող նախագահ Արմեն Սարգսյանին վերցնել երկրի կառավարման ղեկը, նշելով, որ նա դժգոհել է վերջինիս մերժումից։ ԵՄԱ նախագահը կարծում է, որ դա վկայում է նախկինների (իշխանությունների) մոտ “իշխանափոխության օրակարգի արդիական դառնալու մասին”:

Նավասարդյանը գրել է, որ եթե այդ առավել լեգիտիմ տարբերակը չաշխատեց, արդյո՞ք այլ ճանապարհներ չեն դիտարկվում: “Եթե այո, ե՞րբ և ինչպիսի՞ պայմաններում կարելի է սպասել հաջորդ փորձը: Եվ եթե ոչ, ո՞րն է մոտակա ժամանակ իրենց համար առավել գերադասելի երկրորդ սցենարը”,- գրել է Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում: