Բավ է պառակտվել
13-07-2019 17:05

Հայաստանի երեխաներին պետք է պատրաստել ապրելու և ստեղծագործելու հզոր երկրում․ Փաշինյան (լուսանկարներ)

Հայաստանի երեխաներին, առաջին հերթին, պետք է պատրաստել ապրելու և ստեղծագործեու հզոր արդյունաբերական երկրում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոռու մարզի “Հայաստանի մանուկներ” բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ։

Նրա խոսքով, յուրաքանչյուր երեխա պետք է հավատա ինքն իրեն, հավատա, որ կարող է դառնալ ինժեներ, գիտնական։ “Տեխնոլոգիական իրականության համար կարևոր է ունենալ զարգացած արվեստ, գրականություն։ Խոսելով տեխնոլոգիական երկրի մասին, պետք է հասկանալ, որ արդյունաբերությանը էներգիա են հաղորդում մշակույթը, արվեստը․Մենք պետք է այս ճանապարհով քայլ առ քայլ վստահ առաջ շարժվենք”,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը տիկնոջ հետ շրջայց է կատարել ՍՄԱՐԹ կենտրոնով՝ ծանոթանալով գյուղաբնակ երեխաներին ու մեծահասակներին առաջարկվող դասընթացներին՝ երաժշտություն, պար, նկարչություն, ակտիվ քաղաքացիություն, լեզուներ, ծրագրավորում, ռոբոտիկա և այլն։

 

Պատասխանելով կենտրոնում սովորողների հարցերին, Փաշինյանը նշել է, որ վաղուց էր ծրագրում այցելել կենտրոն և ուրախ է այսօրվա առիթի համար: Նա շնորհակալություն է հայտնել “Հայաստանի մանուկներ” հիմնադրամի ղեկավար Կարո Արմենին կատարված աշխատանքի համար: 

ՍՄԱՐԹ կենտրոնը գործում է Լոռու մարզի Դեբեդ գյուղում 2018 թվականի մայիսից, կենտրոնում ներդրված է 6մլն․դոլար։ Կենտրոնի նպատակն է զարգացնել տեղական ռեսուրսները և ստեղծել հնարավորություններ համայնքներում դրանց օգտագործման համար: Այնտեղ ստեղծված է ոչ ֆորմալ ուսուցման միջավայր, հավասար և համաչափ հնարավորություններ են ապահովված շրջակա գյուղերի երեք տարեկանից բարձր երեխաների, պատանիների աղջիկների և մեծահասակների համար

ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգը հիմնված է չորս սկզբունքների վրա` նորարարություն և ստեղծագործականությունը, լեզու և հաղորդակցություն, ձեռներեցություն և տեղական տնտեսական զարգացում, ակտիվ քաղաքացիություն և անձնային զարգացում։

Տեղեկատվական տեխնոլոգիաները և օտար լեզուն ՍՄԱՐԹ ծրագրերի և ուսուցման նյութերի հիմքում են։ Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։ ՍՄԱՐԹ ավանն ունի նաև հյուրատուն՝ հրավիրված մասնագետներին ու զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար։