Բավ է պառակտվել
09-02-2022 18:17

Փաշինյանը հայտնել է Արցախում 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրել է 3812 մարդ, 217 քաղաքացի համարվում է անհետ կորած։ Այս տվյալները չորեքշաբթի օրը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով խորհրդարանում պատգամավորների հարցերին։

«Այսօր թարմացված տվյալների համաձայն՝ ունենք 3812 զոհված, այդ թվում՝ 3736 զինծառայող և 76 քաղաքացիական անձ։ 217 անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, նրանցից 196-ը զինծառայող է, 21-ը՝ քաղաքացիական անձ»,»,- ասաց նա։

Միաժամանակ նա ընդդիմությանը հորդորեց չուռճացնել պատերազմում զոհվածների թիվը (նշվում է 5-7 հազար զոհ)՝ առաջարկելով ապացույցներ ներկայացնել, եթե այդպիսիք կան։

2020թ․ Արցախում 44-օրյա պատերազմի մասին
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
2022թ․ հունվարին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Արցախում 44-օրյա պատերազմում զոհվել է 3809 մարդ, անհետ կորած է համարվում 220 անձ (որից 199-ը՝ զինծառայող), ադրբեջանական գերությունից վերադարձվել է 141 զինծառայող և քաղաքացիական անձ։