Բավ է պառակտվել
23-08-2019 15:50

Փաշինյանը զրուցել է Ջերմուկի բնակիչների հետ Ամուլսարի հանքավայրի իրավիճակի մասին բողոքի ակցիաների ֆոնին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ, որտեղ տեղի բնակիչների հետ քննարկել է Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը։ Կառավարության ղեկավարը ժամանել է քաղաք ուղղաթիռով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ։

Զրույց բնակիչների հետ

Ամուլսարի հանքավայրի հնարավոր վերաշահագործման հարցի շուրջ ջերմուկցիների կարծիքին ծանոթանալու նպատակով Փաշինյանն այցելել է մի քանի բնակարան։ Քաղաքացիներն իրենց անհանգստությունն են արտահայտել քաղաքում աղտոտվածության մակարդակի բարձրացման ռիսկերի հետ կապված, խնդրելով վարչապետից երաշխիքներ, որ հանքավայրը նորից չի աշխատացվի։

Այսպես, բնակիչներից մեկն ասել է, որ հանքավայրի շահագործումը սկսելուց հետո Ջերմուկում նկատվել է որոշ թռչունների, մասնավորապես՝ ծիծեռնակների պոպուլյացիայի կրճատում, ինչը խոսում է օդի աղտոտվածության բարձր մակարդակի մասին։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը տիրապետում է ընդերքօգտագործողների վրա ազդեցության բոլոր գործիքներին, և, բնապահպանական ցուցանիշներից ամենափոքր շեղման դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկի։

“Մենք կհետևենք օդի և ջրի մաքրության ցուցանիշներին, սննդամթերքի որակին, և նորմերից ցանկացած շեղման դեպքում իրավունք ունենք կասեցնել ընդերքօգտագործողի գործունեությունն։ Այնուամենայնիվ, հանքավայրի շահագործումը խոշոր ներդրումներ են և բյուջեի նոր եկամուտներ, նոր աշխատատեղեր։ Հարկավոր է սթափ հաշվարկել բոլոր ասպեկտները և օբյեկտիվորեն գնահատել ամբողջ իրավիճակը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ջերմուկն առողջարանային քաղաք է”,-ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ անձամբ որևէ շահագրգռվածություն չունի հանքավայրի վերածահագործման մեջ, և ղեկավարվում է զուտ պետական շահերով։

“Բնապահպանական նորմերից իրական շեղումների դեպքում մենք ունենք օրինական հնարավորություն դադարեցնել պայմանագիրը։ Մենք հնարավորություն կտանք ընկերությանը 90 օրվա ընթացքում շտկել իր աշխատանքի թերությունները, հնարավոր սխալները։ Եթե թերությունները շարունակվեն՝ առիթ կլինի դադարեցնել նրա հետ համագործակցությունն”,-ասել է նա։

Տեղական հյուրանոցային բիզնեսի դիրքորոշումը

Իրենց անհանգստությունն են արտահայտել նաև հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները՝ նշելով, որ հանքավայրի շահագործումը կհանգեցնի զբոսաշրջիկների և հանգստացողների թվի կտրուկ նվազմանն, ինչն արդեն նկատելի է ստեղծված իրավիճակում։

“Այցելուների թիվն արդեն նվազել է, շահագործումը վերսկսելու դեպքում հնարավոր է, որ իրավիճակը դառնա կրիտիկական”։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ հաշվի կառնվի նաև հյուրանոցային բիզնեսի դիրքորոշումը, քանի որ ոլորտում մեծ գումարներ են ներդրվում, և պետությունը պարտավոր է հաշվի առնել այդ ոլորտի ներկայացուցիչների շահերը։
Միևնույն ժամանակ, վարչապետը հորդորել է քաղաքացիներին հանգստանալ Ջերմուկի առողջարաններում՝ նշելով, որ հյուրասենյակների և ծառայությունների գները բավականին ցածր են։

Բողոքի ցույցեր Ջերմուկում

Փաշինյանի հանդիպումները բնակիչների հետ անցել են բավականին լարված մթնոլորտում: Հանքավայրի հնարավոր շահագործումից դժգոհ քաղաքացիները զուգահեռաբար բողոքի ցույցեր են անցկացրել: Նրանցից ոմանք կանգնել են այն փողոցներում, որոնցով անցնում էր վարչապետը՝ գոչելով “Ամուլսարն առանց հանքի”:

Վարչապետի՝ ցուցարարներին մոտենալիս, նրանք պահանջել են չեղյալ համարել շահագործման մասին որոշումը, չցանկանալով լսել Փաշինյանի փաստարկները: Նրանք պնդում էին, որ հանքավայրի վերաշահագործման դեպքում Ջերմուկը կդատարկվի։

“Այնպիսի տպավորություն է, որ Դուք եկել եք յուրաքանչյուրին անձամբ համոզել համաձայնվելու վերաշահագործման որոշման հետ”,- ասել է վարչապետին երիտասարդ ակտիվիստը։

Իրավիճակի զարգացում

Օգոստոսի 19-ի առավոտյան Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել հանդիպում Ամուլսարի հանքավայրի հետագա շահագործման վերաբերյալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վայոց ձորի մարզպետի, Ջերմուկի քաղաքապետի, համայնքների ղեկավարների և բնապահպանների մասնակցությամբ: Դրան զուգահեռ, շենքի դիմաց անցկացվել է “կանաչների” հավաքը, որի մասնակիցները դեմ են հանդես եկել Ամուլսարի հանքավայրում աշխատանքների վերսկսմանը: Հանդիպման ավարտին ցուցարարները շարունակել են հավաքը, իսկ ոստիկանությունը ուժ է գործադրել, և, վերջին տվյալների համաձայն, բերման ենթարկել 4 քաղաքացու:

Նույն օրը Փաշինյանը հայտարարել է, որ “պետության շահերից է բխում , որ մենք բավարարենք օրինականորեն առաջ քաշված պահանջը և ժողովրդի վստահության քվեն ստացած պահանջը, այսինքն ՝ հնարավորություն տանք, որ Ամուլսարի հանքավայրը շահագործվի”։

Օգոստոսի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է 20018թ․հուլիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության միջազգային փորձագիտական խմբի վերջնական եզրակացությունն, ըստ որի բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հնարավոր սպառնալիքները վերահսկելի են համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում։

Ամուլսարի հանքավայրի շահագործումը 2005թ հիմնադրված հայկական երկրաբանական հետախուզական ընկերության առաջին ծրագիրն է Հայաստանում , որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ОАО Lydian International.-ին։