15-07-2018 22:17

Փաշինյանը մեկնաբանել է Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակն ու դժգոհել է ոստիկանության գործողություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդի այցը Վայոց Ձորի Գնդեվանք վերածվել էր սկանդալի։ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակտիվիստներն արգելափակել էին կաթողիկոսի ավտոմեքենան։

«Հանձնարարել եմ, որպեսզի ոստիկանությունը շատ ուշադիր ուսումնասիրի Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպը։ Եթե խախտվել են թույլատրելիի սահմանները, ապա պետք է միջոցներ ձեռնարկվեն։ Կառավարությունը ներեկեղեցական հարցերին չպետք է խառնվի։ Սակայն լսելով եկեղեցու ներկայացուցիչների հայտարարությունները` ես հասկանում եմ, որ նրանք միայն կրակի մեջ յուղ են լցնում», – ասաց Փաշինյանը Facebook–յան իր էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ։
«Առայժմ ես այն տպավորությունն ունեմ, որ սա ներեկեղեցական շրջանակներից դեռևս դուրս չի եկել, բայց ինչ խոսք, օրենքի պաշտպանության հարցում կառավարությունն իր անելիքը պետք է անի, մասնավորապես՝ վարչապետին կից կառույցը՝ ոստիկանությունը», – նշեց Փաշինյանը։
«Մենք թույլ չենք տա, որ խաթարվի խաղաղությունը: Դուք գիտեք, որ մի անգամ ոստիկանությունը քայլեր ձեռնարկել է եկեղեցու ներսում: Կոչ ենք անում եկեղեցու անդամներին հավաքվել, քննարկել ստեղծված իրավիճակն ու գալ լուծման: Այստեղ եկեղեցու տարբեր խմբերի խնդիր կա, ու ես չեմ կարծում, որ այս հարցին կառավարության միջամտության կարիքը կա: Բայց կառավարությունն, իհարկե, օրինականության պահպանման համար պետք է գործի: Օրինակ, Վայոց Ձորում տեղի ունեցած դեպքերին հետևելով` ես ոստիկանության աշխատանքից այդքան էլ գոհ չեմ: Առհասարակ հասկանալի չէր, թե ոստիկանությունն այդտեղ ինչ գործով էր զբաղվում», – նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով, անթույլատրելի է իրավիճակ հրահրել ու մեզ բոլորիս կանգնեցնել այդ իրավիճակի առաջ։

«Ես ոլորտի փորձագետ չեմ, եթե սխալվում եմ, թող ինձ ուղղեն, բայց առայժմ մեր միջամտության կարիքը ես չեմ տեսնում», – նշեց ՀՀ վարչապետը։

Ինչ վերաբերում է աղանդավորներին և նրանց նկատմամբ գոյություն ունեցող արտոնություններին, օրինակ` բանակում այլընտրանքային ծառայությանը, ապա դրանք բացատրվում են պարտավորություններով, որոնք Հայաստանը ստանձնել է համաշխարհային հանրության առաջ։

«Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն ատրիբուտը խղճի ազատությունն է։ Սակայն անթույլատրելի է դրա քողի տակ կատարել անօրինականություններ, ինչպես նաև չարաշահումներ», – ասաց Փաշինյանը։