Բավ է պառակտվել
14-10-2016 10:53

Կազմակերպվել է Բեսլանից առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը ՀՀ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել է Բեսլանի մոտ ավտոբուսի վթարման հետևանքով առողջական խնդիրներ չստացած քաղաքացիների վերադարձը Հայաստան։

Նրանց Երևան տեղափոխող ավտոբուսն արդեն ճանապարհին է, հայտնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:

Ավտոբուսի 50 ուղևորներից 27-ը, ովքեր բուժօգնության կարիք չունեն, գտնվում են Բեսլանի մշակույթի տանը։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։

Այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ձևավորված օպերատիվ խումբն ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները: