Բավ է պառակտվել
26-12-2019 17:54

Պատերազմի վտանգը ոչ նվազել, ոչ էլ աճել է. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

 

«2018-ին բանակում սպանության, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 12 դեպք է գրացվել, իսկ 2019- ին 14 դեպք։ Հակառակորդի կրակոցից զոհերի թիվը նվազել է։ Վիճակագրությունը ներկայացնում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Հակառակորդի կողմից կրակոցները քանակային առումով 1.3 անգամ նվազել են։ Բայց զոհերի թվաքանակի պակասը ոչ թե կապված է կրակոցների թվաքանակի պակասով, այլ արդյունք է այն լայնածավալ աշխատանքների, որ իրականացվեցին։ Առաջին հերթին սպայական աշխատանքներն են զինծառայողների հետ, ինչպես նաև մարտական հերթապահության պայմանների և մարտական պատրաստության բարելավումը»,–ասաց Դավթյանը։
Դավթյանը անդրադառնում է զոհված զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի գործի հանգամանքներին։ Այսօր զոհվածի հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարություն շենքի դիմաց։ Հարազատները պնդում էին, որ իրենց որդու սպանությունից 24 օր անց այն դեռևս բացահայտված չէ։ ԳՇ պետը հորդորեց սպասել մինչև իրավապահները քննությունը կավարտեն։
«Քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն և որևէ բան ասելուց հիմա ձեռնպահ կմնամ: Մենք ծառայողական քննություն իրականացրել ենք, բայց քանի որ նախաքննություն է ընթանում, մենք նյութերը փոխանցել ենք վարույթ իրականացնող մարմնին։ Սպասենք իրավապահ մարմինների աշխատանքին, որպեսզի հասկանանք սպանությո՞ւն էր, թե՝ ինքնասպանություն»։
Երբ Հայաստան կհասնեն Սու-30 կործանիչները։ Արտակ Դավթյանը լրագրողներին խորհուրդ է տալիս երկու օր սպասել, քանի որ դրա մասին կհայտարարի վարչապետը։ Ընթացիկ տարում ՊՆ–ն ավելի քան 80 պայմանագիր է ստորագրել սպառազինությունների վերաբերյալ, ձեռք են բերվել մի շարք զինատեսակներ։ 2020 թ–ին հավասար պայմանների դեպքում Հայաստանի Զինված ուժերը նախընտրելու են գնել տեղական արտադրողների սպառազինությունը:
«Առաջիկա տարում ավելի մեծացնելու են տեղական արտադրողներից գնվող սպառազինությունները: Մասնավորապես` խոսքը վերաբերում է կապի և օպտիկական սարքերի, զինամթերքի որոշակի տեսակներին և նորոգվող զինամթերքին:
Արդյո՞ք այս ռազմական բյուջեի մեծացումն ու զինատեսակների ձեռք բերում խոսում է նրա մասին, որ պատերազմի վտանգ կա։ Գլխավոր շտաբի պետը նշում է, որ պատերազմի վտանգը ոչ նվազել, ոչ էլ աճել է.
«Քանի դեռ քաղաքական տեսակետից չի լուծվել Արցախի Հանրապետության խնդիրը, համարում ենք, որ պատերազմի վտանգը բավականին իրական է և բավականին մեծ»:
Իսկ որքանո՞վ են հիմնավորված տարբեր քաղաքագետների կողմից հնչող մտահոգությունները և պնդումները, որ ՀՀ սահմանի Նախիջեւանի հատվածում հակառակորդն ունի դիրքային առավելություն։ Գլխավոր շտաբի պետը նշեց, որ դիրքային առավելություն հասկացողությունը, հատկապես լեռնային շրջաններում, հիմնականում վերաբերում է նրան, երբ դիրքն ունի գերիշխող բարձրություն և կարողանում է կրակի տակ պահել կամ վերահսկել հակառակորդին: Նման հատվածներ մենք ունենք բոլոր սահմաններում:
«Տեղ կա՝ հակառակորդն է գերիշխող բարձունքում նստած, տեղ կա՝ մենք: Քանակային առումով մեր գերիշխող դիրքերն ավելի են 30-40%-ով»,- ասաց Արտակ Դավթյան: