Բավ է պառակտվել
20-05-2020 14:03

Երկրի թիվ մեկ սպայական դարբնոցը կին հրետանավոր է պատրաստում

 
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում եմ: Դռների մոտ ջերմաչափվում եմ, հետո միայն մուտք գործում համալսարանի տարածք։ Ինձ դիմավորում է համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, ով այս պաշտոնը ստանձնել է 2019 թվականին։ Խաչատրյանը տեսախցիկների առաջ շատ քիչ է հայտնվում, գուցե դրանով էլ պայմանավորված է զինվորականին ոչ բնորոշ հուզմունքը։ Պատմական էսքկուրս է կատարում, խոսում է 25- ամյա համալսարանի ձեռքբերումների մասին։ Հպարտությամբ նշում է՝ համալսարանը երկրի ռազմական կրթության կարևորագույն դարբնոցն է։ Մեկ ամիս հետո պատրաստվում են ընդունել նոր կուրսանտների։
«Առաջիկա շաբաթների ընթացքում դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել ընդունելության քննություններին: Համավարակի առկայությունը հաշվի առնելով՝ ռազմական հաստատություն ընդունվելու համար անհրաժեշտ կլինի հանձնել ընդամենը մեկ քննություն՝ մաթեմատիկա առարկայից: Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել տարածքային զինկոմիսարիատներ»:
Հասկանալի պատճառով գնդապետը չի մանրամասնում, թե քանի հոգի է ցանկանում ծառայության անցնել ԶՈՒ «Պատիվ ունեմ» ծրագրով, բայց ժպիտից հասկանալի է, որ ցանկացողների թիվը մեծ է «Շատ լավ է լինելու ամեն ինչ։ Ցանկացողները շատ են»։
Շրջայցը շարունակում ենք, ու արդեն ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզասրահում ենք, որտեղ մարզումներ են անցակացնում հետախուզական ստորաբաժանուման կուրսանտները։ Ռազմական համալսարանի սպորտի ամբոնի ավագ դասախոս, փոխգնդապետ Նիկոյանը ասում է, որ «Որքան ֆիզիկապես լավ է պատրաստված զինծառայողը, այնքան իր առջև դրված մարտական խնդիրը լավ է կատարում»։
Հենց այստեղ էլ կուրսանտների շարքում տեսնում եմ աղջիկների։ Զրուցակիցներս, պարզվում է, ապագա հրետանավորներ են։ Ծնունդով արցախցի Քրիստինե Մաթևոսյանը երրորդ կուրսի ուսանող է։ Ընտանիքում մայրն է դեմ եղել, որ աղջիկը ընտրի զինվորականի ուղին։ Սակայն հաղթել է ժառագականության գործոնը․ Քրիստինեի ընտանիքի տղամարդիկ զինվորականներ են
«Հայրս պաշտպանության բանակի հրետանավոր է, ու դեմ չի եղել որ ես էլ իր մասնագիտությամբ շարունակեմ: Իհարկե, տանը խորհուրդ տվել են, որ կարող եմ այլ մասնագիտություն ընտրել, բայց ես ընտրել եմ ռազմական գործը»,- ասաց կուրսանտ Քրիստինե Մաթևոսյանը:
3-րդ կուրսի կուրսանտ, արմավիրցի Կարինե Սարգսյանի հայրն էլ է հրետանավոր։ Հումորով նկատում է՝ բանակը ոչ միայն տղաներին է կոփում, այլև աղջիկներին։ Ապագան էլ պատկերացնում է միայն Զինված ուժերում ։
Պատերազմի աստծո հետ խաղ չեն անում: Հրետանին է որոշում պատերազմի ճակատագիրը: Մի քանի միլիմետրի շեղում՝ և մարտը կարող ես տանուլ տալ: Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում սովորեցնում են դիպուկ կրակել:
Կուրսանտ Գևորգ Նիկողոսյանն էլ մանկուց է երազել զինվորական դառնալ: Երախտապարտ է ինստիտուտին՝ բարձրորակ գիտելիք, փորձ ու հմտություն տալու համար:
«Այս տարի ավարտում ենք ռազմական համալսարանն ու ստանում ենք լեյտենանտի զինվորական կոչում: Դեռ չգիտեմ որտեղ կշարունակեմ ծառայությունս, բայց ուզում եմ Արցախում»,-ասաց կուրսանտ Գևորգ Նիկողոսյանը:
Համալսարանում հաջորդ կանգառն արդեն այն լսարանն է, որտեղ հայրենական արտադրության վարժասարքերն են։ Դրանց օգնությամբ ապագա սպաները ստանում են ստորաբաժանումների ղեկավարման, թիրախների հայտնաբերման և խոցման հմտություններ։ Իսկ վերջին կանգառն, իհարկե, ճաշարանն է, որտեղ սկսվում ու ավարտվում են ամենահետաքրքիր զրույցները բանակի մասին։

 

 

Արմինե Գևորգյան