Բավ է պառակտվել
22-08-2018 09:52

Անցումնային արդարադատությունը չի հակասի Հայաստանի սահմանադրությանը՝ Զեյնալյան

Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցումնային արդարադատության մարմիններ ձևավորելու մասին հայտարարությունը՝ Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ անցումնային արդարադատությունը չի հակասի Հայաստանի սահմանադրությանը:
"Իր ելույթում վարչապետը շատ հստակ նշել է, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու: Ես հավելեմ, որ անցումնային արդարադատությունը չի հակասի Հայաստանի սահմանադրությանը, չի հակասի միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, սահմանադրության ոչ մի դրույթ չի կասեցվի՝ ուղիղ կամ բովանդակային առումով: Այն կլինի իրավական և կօժանդակի արդարադատությանը, սա ավելի շատ օժանդակություն կհանդիսանա գործադիր ֆունկցիա իրականացնող մարմիններին",- ասել է Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ՝ անդրադառնալով դատական համակարգի ներկայիս իրավիճակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր անցումնային արդարադատության մարմինների ստեղծման անհրաժեշտության մասին: "Անցումնային արդարադատության մարմինները կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի կոռումպացված պաշտոնյաներից շատերը շարունակում են չհասկանալ ժողովրդական հեղափոխությունը, այլ նաև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ շատ խնդիրներ կան", - ասել է նիկոլ Փաշինյանը:
Քաղաքական շատ գործիչներ, այդ թվում՝ Արմեն Աշոտյանն ու խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը քննադատել են Փաշինյանի հայտարարությունը՝ դրա մեջ սպառնալիք տեսնելով Հայաստանի հասարակական, ուժային և քաղաքական կառուցվածքների համար:
"Այս առումով ցավով հայտնում եմ, որ խիստ անհանգստացած եմ երկրում ձևավորված ներկայիս իրավիճակով: Երկրում վտանգված են բնականոն հասարակական կյանքը, երկրի պաշտոնական ներկայացուցիչները և սահմանադրական նորմերը, ինչպես նաև ժողովրդի համընդհանուր բարյացկամությունը" ,- ասել է Բաբլոյանն իր հայտարարության մեջ:
Համակարգի էությունը պարզաբանելիս՝ արդարադատության նախարարը նշել է, որ այն հնարավորություն է տալիս՝ այլ խնդիրների հետ մեկտեղ քննարկել նաև մարդու իրավունքների խախտումները: "Ասենք, որոշ գործերով, որտեղ թերություններ կային, իրավունքների խախտման խնդրի ուսումնասիրություն՝ խախտվել են թե ոչ մարդու իրավունքները, ընդունվել է թե ոչ իրավունքի խախտման փաստը, տրվել է արդյոք արդարացի փոխհատուցում: Տեսականորեն հնարավոր է, որ օրենսդրական հնարավորություն առաջանա վարույթի ժամկետները վերականգնելու համար: Սակայն խնդիրներն, այն դեպքում, եթե դրանք պետք է լուծվեն դատական կարգով, կլուծվեն Հայաստանի գործող դատական համակարգի միջոցով, դատարանները գործելու են" , - ասել է Զեյնալյանը:
"Դատարաններն ազատ չեն արձակվելու, դատարանների դատարան չի ստեղծվելու, ստանձնած միջազգային պարտավորությունները չեն խախտվելու, արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, ամեն ինչ լինելու է օրինական և կոչված է լինելու վերականգնել մարդու իրավունքները",- հավաստիացրել է նախարարը: