Բավ է պառակտվել
14-07-2021 13:22

Փոխհրաձգություն հայ-ադրբեջանական սահմանին, երկու կողմն ունի կորուստներ

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում գրանցվել է հերթական միջադեպ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, երկու կողմն ունի կորուստներ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Երասխ գյուղը գտնվում է Հայաստանի Արարատյան դաշտավայրի ծայրամասում, այնտեղով է անցնում Երևան-Ստեփանակերտ մայրուղին։
«Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունից:
Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: «Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշվում է հայտարարությունում: