Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստում լարված իրավիճակ ստեղծվեց, երբ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ ներկայացնող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն իր խոսքում ասաց, որ դատարանում ներկա տուժողների ներկայացուցիչները «կարող են իրենց վատ զգալ» իր ելույթում հնչած որոշ գնահատականներից։
Նիստին ներկա մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, պատասխան հակադարձեց Ալումյանին․ «Փաստաբանների կողմից խոսք գնաց, որ տուժողի իրավահաջորդները կարող են իրենց վատ զգալ, ես ուզում եմ հարցնել փաստաբաններին՝ իրենք եթե մեր տեղը լինեին, իրենք իրենց լավ կզգայի՞ն։ Եթե մեր ընկերը, Մարտի 1-ի առավոտյան ժամը 7-ին լիներ Օպերայի հայաթում, տեսներ արյան գյոլերը, արյան հոսքը, տեսներ այդ ողբերգությունը այդպես չէր խոսի։ Թող հարգեն Մարտի 1-ը և չփորձեն այլ երևույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրին»,–ասաց Քլոյանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը միջամտեց, որ հայտարարությունները չեն քննարկվում։ Վիճաբանություն սկսվեց երկու կողմերի միջև։
Այն դադարեցնելու համար դատական կարգադրիչները ստիպված եղան դուրս հրավիրել ներկաներից մեկին։
Նույն պահին Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում հայտարարեց, որ լավ չի լսել, թե ինչ սպառնալիք է հնչել իր հասցեին` պահանջելով կրկնել խոսքի այդ հատվածը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մերժեց փաստաբանի այդ պահանջը` ասելով. «Ձայնագրությունը կստանաք, կլսեք»։
Կողմերի գործողությունների դեմ առարկություն ներկայացրեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ «Դատը վերածվում է քննարկումների և ռազբորկաների, մենք ենք սկսել, դուք եք սկսել, դուք եք սկսել, մենք ենք սկսել, դուք ասեք ինձ ինչ է ասել։ Դատական նիստը ձայնագրվում է։ Պաշտպանության կողմը ցանկացած բան, որ իրեն պարզ չի եղել դատական նիստի ժամանակ, կարող է ձայնագրությունը ստանալ և իր համար հետևություններ անել»։
Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը ընդունելի է համարում առարությունը։
Մեղադրող դատախազի այս դիտողությանը Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Կարծես թե հնչել է սպառնալիք պաշտպանական կողմի նկատմամբ։ Այո՛, մենք կարող ենք հետո այդ ձայնագրությունը վերցնել, լսել, հաջորդ դատական նիստում բարձրաձայնել։ Բայց եթե դատախազությունն այս ամենը համարում է նորմալ, մենք դա կհամարենք նաև դատախազության դիրքորոշումը»։
Այսքանով դատական այսօրվա նիստն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 14-ին։
Արմինե Գևորգյան