Բավ է պառակտվել
21-04-2020 15:51

Պետրոս Ղազարյանը հեռացավ Հ1–ից Փաշինյանի տեսահոլովակի պատճառաով

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ափսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։
«Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։

Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։

Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար»,- նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք` ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ուղերձ հղեց ժողովրդին, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվեցին ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։
Մոնտաժված տեսանյութում Փաշինյանին փորձել էին ներկայացնել ծաղրական կերպարում։ Տեսանյութը բուռն քննարկման թեմա դարձավ։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ իր Facebook–ի էջում անդրադառնալով այս թեմային, մեղադրել էր Հանրային հեռուստատեսությանը` նշելով, որ պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։

 

 

Արմինե Գևորգյան