Բավ է պառակտվել
14-08-2022 23:55

Ռումբի մասին նամակները հաճախ այլ երկրի քաղաքացիներ են ուղարկում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը դիմել է երկրի քաղաքացիներին՝ Երևանի տարբեր վայրերում պայթուցիկի տեղադրման մասին հաճախակիացած ահազանգերի առնչությամբ։

«Վերջին ամիսներին պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը տարբեր մարմիններին փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով։ Էլեկտրոնային նամակներ ուղարկող անձանց պարզելը մեծ մասամբ տևական և բարդ գործընթաց է։ Կեղծ ահազանգեր հնչեցնող անձանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը բարդանում է նաև այն պատճառով, որ հաճախ էլեկտրոնային նամակներ ուղարկողներն այլ երկրների քաղաքացիներ են լինում։

ՀՀ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պայթուցիկի մասին ահազանգի ստացման դեպքում բնակչության անվտանգությունից ելնելով՝ հաղորդված թիրախներից անպայմանորեն պետք է տարհանվեն քաղաքացիները, ինչպես նաև իրականացվեն ստուգման աշխատանքներ։

Թեև նախկինում հնչած բոլոր ահազանգերը եղել են կեղծ, սակայն ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները շարունակում են պահպանել բարձր զգոնություն և իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք սահմանված են նման արտակարգ հաղորդումների համար»։

օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում (Հայաստանի Ազգային ժողովի շենք՝ խմբ.), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Ավելի վաղ, օգոստոսի 2-ին՝ ժամը 18:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր էին ստացվել մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։