Բավ է պառակտվել
12-06-2019 18:14

Մարտի 1 գործով 1000-ից ավելի մարդիկ են հարցաքննվել, դեռ 1000 էլ հարցաքննելու են

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց,որ չկան փաստեր, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը ապօրինի ներգործությամբ ազդել է գործի քննության վրա:
«Ամբողջ խնդիրը այդ է՝ փաստ են ուզում, իսկ փաստ կա՞՝: Ոչ: Մենք այդ մասին բարձրաձայնում ենք, դա չենք թաքցնում. փաստ, որ ֆիքսվել է կոնկրետ ապօրինի ներգործություն, այսօր չունենք, բայց մենք չենք խոսում եղած փաստի մասին: Քրեադատավարական օրենքը, մեր նախադեպային իրավունքը, եվրոպական նախադեպային իրավունքը ապագային միտված իրավիճակների ռիսկերի մասին է խոսում՝ կա հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի»,- ասաց դատախազը:
Գլխավոր դատախազը նշում է, որ որևէ մեկի ցանկությունը չէ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ մնա։ Պարզապես մարտի մեկի գործերը փոխկապակցված են: Արթուր Դավթյանը տեղեկացրեց նաև, որ այս գործերով 1000-ից ավելի մարդիկ են հարցաքննվել, դեռ մի 1000 կամ ավելին էլ հարցաքննելու անհրաժեշտություն կա:
<<Մենք այսօր մեղսագրել ենք մեղադրյալ Քոչարյանին մի արարք, որի ընդհանուր տրամաբանության մեջ տեղի են ունեցել այդ իրադարձությունները և այդ իրադարձություններին ներգրավված են եղել նրա հետ ծառայողական և այլ կախվածություն ունեցող բազում անձինք>>,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: