Բավ է պառակտվել
17-02-2023 13:25

Հայաստանում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ-ի նկատմամբ։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նշվում է, որ զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ իրեն վստահված ստորաբաժանման սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության մասին, պարտավոր լինելով ժամանակին պահանջել և կազմակերպել նյութական միջոցների ստացումը և ենթականերին հանձնումը, իրեն ենթակա ստորաբաժանումում՝ ՀՀ N զորամասի ինժեներական ծառայության ինժեներասակրավորային վաշտում հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, պատասխանատու լինելով իրեն ենթակա ստորաբաժանումում հրդեհային անվտանգության պահանջների կատարման համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ:

Զորամասում հդեհի մասին

Քննության տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերից հետո, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության աշխատակիցը, խախտելով սահմանված կարգը, զինվորական կացարանում վառարանը վառելու համար օգտագործել է բենզին, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել։

Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հաղորդվել էր այս հետաքննության շրջանակներում երկու սպաների՝ N զորամասի նյութատեխնիկական ապահովման և կոմունալ ծառայությունների ղեկավարի տեղակալ գնդապետ Գ.Ա.-ի և N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ մայոր Մ.Ս-ի ձերբակալության մասին։. Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):