Բավ է պառակտվել
27-07-2019 12:01

Երևանում Օպերայի հարակից տարածքում սրճարանի ապօրինի շինարարության առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Երևանում Օպերայի հարակից տարածքում սրճարանի ապօրինի շինարարության առթիվ հարուցվել է քրեական գործ։

“Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի, մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձանց գործողություններում կարող են առերևույթ առկա լինել կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ”,- ասված է հաղորդագրությունում։
Նշվել է, որ նյութերի նախապատրաստման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող` Երևան քաղաքի Ազատության hրապարակի համալիրի, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում ապօրինաբար տեղադրվել են սրճարաններ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ թույլատրվել է իրականացնել առևտրային գործունեություն։
Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար հանձնվել Հայաստանի քննչական կոմիտեին: