Բավ է պառակտվել
04-08-2019 11:27

Երևան-Սևան մայրուղու պայթյունի գործով ձերբակալվել է նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը

Երևան-Սևան մայրուղում պայթյունի գործի շրջանակներում ձերբակալվել է նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակության հետ կապերի դեպարտամենտի բաժնի վարիչ Նաիրա Հարությունյանը։

Օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 18-րդ կիլոմետրին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել էին Nissan Patrol և Range Rover ավտոմեքենաները։ ԶԼՄ-րը գրել էին, որ միջադեպը տեղի է ունեցել “Ծառուկյան”դաշինք” խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) գործարանի և տան մոտակայքում, և հենց նրան են պատկանում վնասված ավտոմեքենաները։

“Նա ձերբակալվել է ՀՀ ՔՕ 38-322 հոդվածով (հանցակցություն ինքնիրավչությանը) նախատեսված հանցանք գործելու համար”- ասել է Հարությունյանը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ քննչական կոմիտեի նախնական տվյալների համաձայն՝ 1976 թվականին ծնված տղամարդը փորձել է քննությունից թաքցնել հանցագործության հետքեր պարունակող “Ռենջ Ռովեր” մակնիշի ավտոմեքենան։ Քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ՝ դիմել է փախուստի, այդ կերպ իրականացնելով նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամաբ բռնություն գործադրելը) և 332–րդ հոդվածի 2-րդ մասի (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը) հատկանիշներով:
Ձեռնարկված մի շարք անհետաձգելի գործողությունների արդյունքում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան և 1976 թվականին ծնված տղամարդը հայտնաբերվել են:
ՔԿ-ն տեղեկացրել է, որ պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի, զինամթերքի ապօրինի ձեռքբերելը և պահելը): Ձերբակալվել է երեք անձ։