Բավ է պառակտվել
17-06-2024 20:43

Ի՞նչ քարտեզներով և սկզբունքներով է շարունակվելու մյուս հատվածների սահմանազատումը. MediaHub

Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն այս պահին ժամանակավորապես դադարեցված է։ Այս պահին երկու կողմերի աշխատանքային խմբերը զբաղված են միասնական կանոնակարգը մշակելով, որը հույս ունեն հաստատել հուլիսի 1-ին՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հերթական վրանային հանդիպման ժամանակ։

Կառավարությունից հաղորդագրություններն էլ, մեր հարցերին տրված պատասխաններն էլ շատ սուղ են և գրեթե ոչ մի նոր բան չեն ասում մինչ այդ տարածված հաղորդագրություններից զատ։

Այս թեմայով վերջին հայտարարությունը մայիսի 6-ին է տարածել կառավարությունը, որով ասվում է․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»։

MediaHub-ին այս թեմայով որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե այս պահի դրությամբ ուր է հասել սահմանազատման գործընթացը, և հետագա աշխատանքներն ինչ սկզբունքով և ինչ քարտեզների հիման վրա են շարունակելու։

Նախ նշենք, որ մեզ հասած ոչ պաշտոնական, բայց հավաստի տեղեկությամբ՝ այս պահի դրությամբ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 49 սյուն, և այդքանով առայժմ դադարեցվել է գործընթացը։ Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի ընդանուր երկարությունը մոտ 1000 կմ է, իսկ միայն Տավուշի մարզում մենք Ադրբեջանի հետ մոտ 240 կմ սահման ունենք, որից այս պահին դեռ միայն 17.2 կմ հատվածն է սահմանազատվել։ Հաջորդ հատվածները սահմանազատելու համար այս պահին, ինչպես նշեցինք, մշակում են միասնական կանոնակարգ, որը լինելու է այն հիմնական փաստաթուղթը, որով պետք է առաջնորդվեն հետագա հատվածներում սահմանազատում իրականացնելիս։ Դա անում են նրա համար, որ ամեն հերթական հատվածը սահմանազատելու համար նոր աշխատակարգ չսահմանեն, թե ինչպես են առաջորդնվելու այդ հատվածում սահմանազատում իրականացնելիս։

Մեզ ասացին՝ այս պահին հայկական կողմը ձգտում է հասնել նրան, որ հուլիսի 1-ին ստորագրվելիք կանոնակարգում ամրագրվեն թե՛ այն քարտեզները, որոնց շուրջ կա արդեն համաձայնություն, որ դրանց հիման վրա են սահմանազատում իրականացնելու, և թե՛ Ալմա-Աթիի հռչակագիրը, որ Տավուշի մարզից դուրս մնացած հատվածներում էլ սկզբունքը նույնը լինի, և՛ չշեղվեն դրանից։

Այս պահին Կիրանցի հատվածում առանձնապես խնդրահարույց հատված չկա՝ բացի մեկ-երկու փոքրից, որոնց շուրջ աղմուկ էր բարձրացել այս օրերին։ Հիմնական խնդիրը Ոսկեպարի հատվածում առկա այն եռանկյունին է, որը, համաձայն այն քարտեզի, որով առաջնորդվում են կողմերը, պետք է անցնի Ադրբեջանին։ Բայց այդպիսի մի եռնակյունի էլ Բերքաբերի հատվածում կա, որտեղ գտնվում է նաև 90-ականների պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Ջողազի ջրամբարը։ Այն այդ թվերից ի վեր այլևս չի շահագործվում, քանի որ ջրամբարի պոմպակայանը թեև գտնվում է Հայաստանի տարածքում, բայց բուն ջրամաբարը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Հայկական կողմը հույս ունի, որ այդ երկու եռանկյունիների խնդիրը կլուծվի փոխանակման տարբերակով, այսինքն՝ Ոսկեպարի հատվածի «եռանկյունին» կմնա մեզ, Բերքաբերինը՝ իրենց։

Հիմա՝ քարտեզների մասին։ Այս օրերին գործընթացի հետ առնչություն ունեցող որոշ պաշտոնյաների հարցեր ուղղեցին լրագրողները, թե ճի՞շտ է, որ տարբեր հատվածներում տարբեր քարտեզներով է իրականացվելու գործընթացը, և հստակ պատասխան չստացվեց, բայց նաև չհերքեցին, որ հնարավոր է՝ այլ հատվածներում այլ քարտեզով աշխատեն։

Իրականությունն այն է, որ հիմք է ընդունվել 1974-1979 թթ․ ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից ընդունված տոպոգրաֆիական քարտեզը, որը միակն է, որի վրա «յուրիսդիկցիա»՝ իրավազորություն է տարածվում։ Այն բաղկացած է ավելի քան 20 կտորից, և ամեն տարի մի հատվածի քարտեզ է կազմվել։ Օրինակ՝ Տավուշի մարզի հատվածում քարտեզագրումն ավարտվել և հաստատվել է 1976 թվականին, այդ պատճառով էլ նշվում է, որ 1976 թվականի քարտեզի հիման վրա է իրականացվում այդ հատվածում սահմանազատումը։ Սոթքի հատվածում, օրինակ, քարտեզագրումն ավարտվել է 1978 թվականին, այդ է պատճառը, որ տարբեր պաշտոնյաներ կցկտուր պատասխաններ են տալիս, թե հնարավոր է՝ այլ թվականի քարտեզով իրականացվի այլ հատվածների սահմանազատումը։

Բայց այդ բոլորը մեկ միասնական քարտեզ են՝ բաղկացած, ինչպես նշեցինք, ավելի քան 20 կտորից և կազմված նույն սկզբունքով, հաստատված ԽՍՀՄ ԳՇ կողմից, պարզապես աշխատանքի մեծ ծավալով պայմանավորված՝ ժամանակագրորեն իրար հաջորդող տարիներին են կազմվել և հաստատվել։

Ի դեպ, մեզ ասացին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն այնքան էլ Ռուսաստանի սրտով չէ, հատկապես, որ ինքը դրան չի մասնակցում որպես միջնորդ կողմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը այս հարցում իրար հետ հարաբերվում են ուղիղ կերպով։ Ուստի, ՌԴ-ի արխիվներից մեծ դժվարությամբ է հաջողվել ձեռք բերել այս քարտեզը։

Հիմա որոշիչ է լինելու հուլիսի 1-ի հանդիպումն ու դրա ընթացքում կանոնակարգի հաստատումը։

Հայկական կողմը, բնականաբար, որևէ երաշխիք չունի՝ որքանով իրեն ադեկվատ կպահի ադրբեջանական կողմը, վստահ չեն անգամ՝ արդյոք այս 17.2 կմ սահմանազատված հատվածը կհաստատե՞ն վերջնական, թե՞ ինչ-որ պահի հնարավոր է՝ դրանից էլ հետ կանգնեն։ Միակ «երաշխիքը», թերևս, հույսն է, որ Ադրբեջանը վերջին պահին հետ չի կանգնի պայմանավորվածություններից, նոր սկզբունքներ չի պարտադրի կամ ամբողջությամբ չի տապալի գործընթացը։

Նկատենք նաև, որ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացի ֆոնին առժամանակ սառեցվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման, որի վերաբերյալ պատերազմից հետո ադրբեջանական կողմը շատ ագրեսիվ հայտարարություններ էր անում, ընդուպ իր սեփական նախագիծն էր կազմել, թե ինչպես պետք է անցնի ճանապարհը, և պատրաստվում էր ուժով խլել միջանցքը ՀՀ սուվերեն տարածքում։ Մեզ ասացին, որ այդ թեման այս պահի դրությամբ հաջողվել է, կարծես, առժամանակ սառեցնել, հատկապես, որ այստեղ եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական շահերն էին խաչվում, և ամեն մեկի պարտադրած շահը իր հերթին նպաստել է, որ միջանցքի հարցն այս պահին դեռևս առկախված մնա։

Վահե Մակարյան

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 10 հրկիզում և պայթյուն է տեղի ունեցել՝ կազմակերպված հեռախոսային խարդախների ցուցումով։
Ռուբեն Վարդանյանի որդին հայտնել է ադրբեջանական բանտում հոր ամբողջական մեկուսացման մասին
Թևանյան. «Մայր Հայաստանը» դատարանում հաղթանակ տարավ կարմիր և կապույտ գծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ.
Nikkei. Honda-ն և Nissan-ը պլանավորում են բանակցություններ սկսել հնարավոր միաձուլման շուրջ
Էքսպրես. Հայաստանը 2025 թվականի աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների թվում է