Բավ է պառակտվել
14-08-2019 13:26

Ներքին համոզմունք ունեմ, որ մեր զինվորը աշխարհագրորեն մոլորվել է.ՊՆ Դավիթ Տոնոյան


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանը մոլորվել է: «Ընթանում է հետաքննություն, մանրամասները պարզվում են, բայց կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարը:
Հիշեցենք,որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը նրանց մոտ է։
Նախարարը հորդորել է չընկնել ադրբեջանական քարոզչության ծուղակը և չտարածել այն տեղեկատվությունը, որը հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ըստ որոնց ՊԲ զինծառայողը լքել է մարտական դիրքը և հայտնվել իրենց տարածքում:
<<Դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է:Չեմ կարծում, որ դա պետք է տարածել: Ես ներքին համոզմունք ունեմ, որ նա ուղղակի մոլորվել է»,-ասել է նախարարը:
Տոնոյանը հաղորդել է նաև,որ աշխատանք է տարվում միջազգային կառույցների հետ հայ զինծառայողին հետ վերադարձնելու ուղղությամբ:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք տեղի ունեցածը կարող է կապ ունենալ զորամասի բարոյահոգեբանակի վիճակի հետ, նախարարը նշել է. «Դեռևս չեմ կարող ասել, որ մեր զինծառայողը հոգեբանորեն էլ է մոլորվել, բայց աշխատանքի ընթացքում կպարզենք ու տեղեկություններ կտանք»:
Նախարարը ադրբեջանցի կոլեգաներին կոչ է արել դադարեցնել տեղեկատվական արշավը:
Ավելի վաղ ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել, որում հայտնում է՝ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։
Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին։

 

Արմինե Գևորգյան