Բավ է պառակտվել
18-05-2015 11:51

Որոշվել է էլեկտրաէներգիայի թանկացման հարցով խորհրդարանական լսումներ անցկացնել

Ազգային ժողովի ոչ իշխանական 5 խմբակցությունները էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրի վերաբերյալ նախաձեռնել են խորհրդարանական լսումներ անցկացնել: Այդ մասին որոշվել է այսօր Հ. Յ. Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային կոնգրես, «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների միջև այսօր խորհրդարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը նախաձեռնում է ստորագրահավաք` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խորհրդարանական լսումներ անցկացնելն ավելի նպատակահարմար է ու օպերատիվ կարձագանքի իրավիճակին, ինչից հետո կքննարկեն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Պատգամավորի խոսքով, լսումներին կհրավիրեն հարցով զբաղվող պատկան կառույցների պաշտոնյաներին` շահագրգիռ քննարկում կազմակերպելու համար: