Բավ է պառակտվել
07-04-2021 13:12

Ավտոմեքենայի միջադեպի հետքերով․ Օմբուդսմենը հայտարարում է Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հրատապ անհրաժեշտության մասի

Ադրբեջանական զինվորականների կողմից Սյունիքում քաղաքացիական մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հաստատում է անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը։
Նախօրեին մամուլում լայնորեն տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան - Երևան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ:

Տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանք՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ: Այդ աշխատանքների շրջանակում Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի միջև ճանապարհի միջադեպի հատվածի ուսումնասիրությունը հաստատել է, որ անմիջապես այդ վայրում տեղակայված են ադրբեջանական զինվորականներ:

Միջադեպի մասին տեղեկությունը Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել է Կապան համայնքի ղեկավարը և նշել, որ ավտոմեքենան եղել է քաղաքացիական` ուղևորներով, հայաստանյան համարանիշով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների համար իրական սպառնալիքի մասին: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների:

«Այս միջադեպի վերաբերյալ տեղեկությունները ակնհայտորեն հիմնավորում են Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի: Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն»,- հայտարարել է Թաթոյանը:

Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում:

Ինչ է կատարվում Սյունիքում
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանի վերահսկողսության տակ անցավ ԼՂՀ և հարակից յոթ շրջանների շուրջ 190 բնակավայր։ Արդյունքում, Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի սահմանները (ներառյալ Կապան վարչական կենտրոնը) հայտնվեցին Ադրբեջանի նոր սահմանների (Ադրբեջանական ԽՍՀ ժամանակաշրջանի) անմիջական հարևանությամբ:

Դրանից հետո Սյունիքում տեղի ունեցան բողոքի ակցիաներ. Մարդիկ վրդովված էին ռազմավարական կարևոր բարձունքներում հայկական դիրքերի ապամոնտաժմամբ և սահմանզատման աշխատանքներով այն վայրերում, որոնք այժմ սահմանակից են Ադրբեջանի տարածքին։ Արդյունքում, ինչպես ավելի վաղ ասել էր Փարսյանը, “թշնամին կմոտենա մեր սահմաններին և կլինի մեզանից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա”: Բացի այդ, Փարսյանը նշել էր, որ Կապանից չորս գյուղ տանող ճանապարհի՝ դեպի Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս գյուղեր հատվածը հայտնվում է թշնամու տարածքում: