Բավ է պառակտվել
15-01-2021 14:00

Ի՞նչու Արման Սարգսյանը ազատվեց ոստիկանապետի պաշտոնից

Պաշտպանության նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը դեռ հստակ չգիտի թե որ ոլորտներն է համակարգելու, քանի որ ոլորտային կարգավորումները դեռևս հստակեցված չեն։

Փոխնախարարն ասում է,որ ընդհանուր ծանոթ է Պաշտպանության նախարարության այն խնդիրներին, որոնք իր ծառայության բերումով կարող է ճիշտ ընկալել և աշխատանքում արդյունավետ կիրառել։
Փոխնախարարը անդրադարձավ թշնամու կողմից հրադադարի խախտմանը,որի ժամանակ հայ զինծառայող վիրավորում էր ստացել։ Ասաց, որ քննություն է անցկացվում։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ հակառակորդի կողմից հրադադարի խախտման պատճառով էր տեղի ունեցել դեպքը»,–ասաց Արման Սարգսյանը։
Հարցին՝ դեպքի մասին ռուս խաղաղապահներին տեղյակ պահե՞լ են, ՊՆ փոխնախարար հորդորեց իրեն հարցեր տալ այն դեպքերի հետ կապված, որոնց մանրամասներից տեղյակ է։

Անդրադառնալով Պաշտպանության նախարարության շենք մուտք գործած գերության մեջ հայտնված զինծառայողի ծնողին՝ Արման Սարգսյանն ասաց, որ նրան չեն ձերբակալել, որպես խափանման միջոց՝ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։

Նա վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի անհայտ կորած և գերության մեջ հայտնված անձանց խնդիրներն օր առաջ լուծվեն։
Իսկ ինչու ազատվեց ոստիկանապետի պաշտոնից Արման Սարգսյանը նշեց, որ իր ծառայության գնահատականը տվել է վարչապետը և պարզաբանումների կարիք չի եղել:

«Միգուցե ինչ-որ խնդիրներ լավ չեմ լուծել, կարող եմ ենթադրել՝ կորոնավիրուսի հետ կապված: Ոստիկանությունն ամեն ինչ արել է, որպեսզի համաճարակի հետ կապված խնդիրները լուծվեն. ինչքանով է հաջողվել՝ գնահատականը պետք է հասարակությունը տա: Իմ պաշտոնավարման ժամանակ մամուլում եղել են հրապարակումներ, որոնցում իսպառ բացակայել են իրականության հիմքերը, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ մեծ ներդրում եմ ունեցել ոստիկանությունում և ՊՆ-ում ամեն ինչ անելու եմ պետությանն օգուտ տալու համար»,- ընդգծեց փոխնախարարը:

Արմինե Գևորգյան