Բավ է պառակտվել
17-11-2018 17:03

Ինչու՞ են անկում կենդանիները Երևանի կենդանաբանական այգում։ Քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կանցկացնի

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հաջորդ շաբաթ լայնածավալ ստուգումներ սկսել Երևանի կենդանաբանական այգում: 

Ինչպես հայտնել է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, դա պայմանավորված է կենդանաբանական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներով, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգություններով, բողոքի ակցիաներով, այգու նախկին աշխատակիցների հայտնած տեղեկություններով ու սոցիալական ցանցերում հրապարակումներով։
“Կստուգվեն կենդանաբանական այգու հետ առնչվող բոլոր գործառույթները”,- նշվել է հաղորդագրության մեջ։
Վերջին ժամանակներս հաճախակի են վատ լուրեր ստացվում կենդանաբանական այգուց։ Պալարախտի պատճառով կենդանիների անկի դեպքերի և կենդանաբանական այգու ղեկավարության կողմից այդ տեղեկությունները թաքցնելու մասին լուրերը ակտիվացել էին ամռանը, սակայն տնօրինությունը հանգստացրել էր հանրությանը, հավաստիացնելով, որ պալարախտի հետևանքուվ սմբակավոր կենդանիների անկի դեպքերը եղել են հունվարին, այդ ժամանակից ի վեր իրավիճակը շտկվել է։

Ավելի ուշ՝ հուլիցի 20-ին հայտնի է դարձել, որ կենդանաբանական այգում անսպասելի անկել է ամուրյան վագր Նոբելը, հոկտեմբերի սկզբին տեղեկություն է ստացվել, որ միջտեսակային պայքարի արդյունքում անդրկովկասյան գորշ արջ է անկել, իսկ նոյեմեբերի 13-ին տնօրինությունը հայտնել է զեբրի անկի մասին, որի արյան և մեզի մեջ հայտնավերվել է մեծ քանակությամբ մկնդեղ։ Հանրության մեջ աճում է անհանգստությունը կենդանիների անկի հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ, կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիաներ են անցկացվում։

Երևանի պետական կենդանաբանական այգին հիմնադրվել է 1941 թվականին: Նոր սեզոնի բացմանն ընդառաջ այս տարվա մայիսին իրականացվել են աշխատանքներ կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: