Բավ է պառակտվել
14-06-2019 18:54

Ի՞նչու Քոչարյանը մուտք գործեց դատարան, դատավորի համար նախատեսված մուտքով. դատախազ

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը շարունակեց քննել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, մարտի մեկի գործը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:
Հիշեցնենք,որ դատական նախորդ նիստին, ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին:Որպես հիմնավորում նա նշել էր, որ Դանիելյանը առավել հազվադեպ է կայացնում դատական ակտ, որը չի հակասում դատախազության դիրքորոշումներին:
Ի դեպ այսօր հայտարարությամբ հանդես եկավ դատախազ Գևորգ Բաղդասարյանը ,անդրադառնալով այն փաստին՝ թե ի՞նչու մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը արդեն 2-րդ դատական նիստն է, որ դատական նիստերի դահլիճ է մուտք գործում դատավորի համար նախատեսված փակ մուտքից։
Դիմելով նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին դատախազը փորձեց ճշտել՝ արդյո՞ք դատարանը տեղեկացված է այդ մասին։
<<Պաշտպանական կողմից առնվազն պարզաբանում եմ պահանջում՝ ինչո՞ւ է այդպես և արդյոք դա չի՞ ենթադրում շփում գործը քննող դատավորի կողմից>>,-, հարցեր բարձրացրեց մեղադրող դատախազը։
Ի պատասխան դատավորն ասաց, որ որեւէ շփում չի եղել իր եւ Քոչարյանի միջև,խոստացավ պատեհ պահի ճշտել, և եթե նպատակահարմարության անհրաժեշոտթյուն կա, պարզաբանում ներկայացնել:
<<Իմ կողմից նման կարգ չի սահմանվել, որևէ մեկն ինձ այդ մասին չի դիմել։ Ինչ վերաբերում է շփումներին՝ բացարձակ որևէ շփում չկա>>,-ասաց դատավորը:
Քոչարյանի պաշտպանական կողմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանն էլ հայտարարեց,որ ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահները համապատասխան օրենքի համաձայն, ունեն հատուկ կարգավիճակ, որի շրջանակներում տեղաշարժվում են հատուկ ծառայողների ուղեկցությամբ, այդ թվում՝ դատական նիստերի դահլիճ մուտք են գործում այլ մուտքից։
<< Եթե դատախազությունը գտնում է, որ սա ռիսկ է առաջացնում դատավորի կողմնակալության մասով, խնդրեմ, կարող են միանալ մեր ինքնաբացարկին>>,-ասաց Օրբելյանը:

 

Արմինե Գևորգյան