Բավ է պառակտվել
26-02-2020 18:32

Ի՞նչու Արարատում որոշ համայնքներ չեն մասնակցում սուբվենցիոն ծրագրերին

Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավարը տարիներ առաջ պետական գույքը` այս դեպքում դպրոցի շենքը, համայնքային է դարձրել, ապա անօրինական ճանապարհով սեփականացրել այն: Հետո աճուրդով վաճառել է իր վարորդին, վարորդն էլ իր աղջկան, որից հետո էլ վարձակալության պայմանագիր է կնքել նրա հետ և 4 տարի ամսական 120 հազար դրամով վարձակալել շենքը: Հարուցված քրեական գործից այսօր մանրամասներ ներկայացրեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Նրանք ընդունել են մեղքը, շենքը վերադարձվելու է պետությանը։ Իսկ այս պատմությունն սկսվեց նրանից, երբ List.am-ում հայտարարություն էին տեղադրել, որ այդ գույքը վաճառում են 200 հազար դոլարից ավելի գումարով»։
Սա հարուցված հինգ քրեական գործերից մեկն է։ Մեկ այլ հայցով մարզպետը պահանջում է քրեական գործ հարուցել Բժշկական կենտրոնի տնօրենի նկատմամբ։
«Պահանջում ենք, որ քրեական գործ հարուցվի ԲԿ-ներից մեկի տնօրենի նկատմամբ, քանի որ նա տարիներ շարունակ ինքնագործունեությամբ է զբաղվել, առանց հիմնադրի թույլտվության, առանց մարզպետի որոշման՝ իր աշխատավարձը բարձրացրել է և տարիներ շարունակ պայմանագրում նշվածից ավելի աշխատավարձ է ստացել։
Գարիկ Սարգսյանն ասում է, որ ինքը որևէ խնդիր չունի համայնքի ղեկավարների հետ, պարզապես կան ղեկավարներ, որոնք ամբողջությամբ չեն ընկալել, թե ինչ է տեղի ունեցել 2018-ին, ինչ ուղղությամբ պետք է շարժվել ու ինչ տրամաբանությամբ գործել:
«Նույնիսկ կան համայնքի ղեկավարներ, որոնք սուբվենցիոն ծրագրերին չեն մասնակցում: Նրանք ասում են՝ մենք մեր միջոցներով մեր հարցերը կլուծենք, ձեզանից օգնություն պետք չէ: Նրանք հիմնականում նախկին ՀՀԿ-ական համայնքապետերն են, որոնք այդպես ուղղակի վնասում են իրենց համայնքին»:
Սարգսյանն ասում է, որ երբ լսել է Գեղարքունիքի մարզպետին, որն ասել է, թե ջիպեր ու դղյակներ ունեցողները օգտվում են «Փարոս» համակարգից , ինքն էլ է որոշել ուսումնասիրություն սկսել ու հասկանալ, թե այդ առումով ինչ իրավիճակ կա իրենց մարզում։ Պատկերը հուսադրող չի եղել։ «1027 շահառուներ դուրս են մնացել այդ ցուցակներից։ Փաստաթղերով ամեն ինչ նորմալ է, բայց բոլորն էլ գիտեն, որ այդ անձիք ունեն խանութներ, ավտոմեքենաներ, բայց դրանք իրենց անուններով չեն»։
Մարզպետը խոսեց նաև իրականացվող ծրագրերի մասին, ասաց, որ 2020 թվականին կառավարության կողմից ընտրված 500 կմ ճանապարհահատվածի 27կմ-ը բաժին է ընկնում Արարատի մարզին։18 կիլոմետրանոց ճանապարհ է հիմնանորոգվելու, Արարատի մարզն էլ կապվելու է Կոտայքի մարզին, արդյունքում՝ զբոսաշրջիկները կկարողանան Գառնիից անմիջապես գնալ Դվինի հնավայրը տեսնելու։
«2020 թվականին միջպետական ճանապարհահատվածը Զանգակատան հատվածում 9 կմ երկարությամբ հիմնանորոգվելու է, և կարելի է ասել, որ Արարատի մարզը Վայոց ձորին կապող ճանապարհի այդ հատվածում անհարմարություններ այլևս չենք ունենալու»
Մարզպետն անդրադարձավ նաև սպանդանոցների խնդրին․ ասաց, որ այս հարցը մարզում այլևս արդիական չէ ու կարելի է լուծված համարել։ Ըստ Սարգսյանի՝ ռեալ ներդրողներ կան, քարտեզագրումն արվել է, առանձնացվել է 17 վայր, որոնք լինելու են բնակավայրերից հավասարաչափ հեռու և հասանելի։

 

 

Արմինե Գևորգյան