Բավ է պառակտվել
04-11-2019 14:29

Ի՞նչու ազատվեց աշխատանքից ԱԻՆ փրկարարական ծառայության պետը․պարզաբանում է նախարարը

ԱԻՆ փրկարարական ծառայության պետն աշխատանքի մեջ թերացել է։ Մի քանի պատճառ է եղել. ամառվա հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով պետի՝ աշխատանքից ազատվելու հանգամանքին։

«Դա հիմնական պատճառներից մեկն է։ Նա տեղում չի եղել, Հայաստանում չի եղել։ Դրանից բացի՝ ուրիշ բան էլ է եղել։ Բայց ամեն ինչ մանրամասներով չեմ կարող ասել՝ ինչ պատճառով, ինչի համար, ինչ խոսակցություն է եղել մեր մեջ... ամբիցիաներ, և այլն, և այլն», - նշեց նախարարը։
Լրագրողի դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ նաև յուրայիններին է նախարարը տեղավորում աշխատանքի, Ֆելիքս Ցոլակյանն ասաց՝ «ես այդ կառույցում աշխատող հարազատ չունեմ»։
«Ի՞նչ է, հարազատները չե՞ն ցանականում աշխատել, դիմում են՝ հորեղբոր տղա, քեռու տղա, ես որևէ մեկին չեմ ընդունել աշխատանքի, ես ընդունել եմ այն ծանոթներին, որոնց ճանաչել եմ, և որոնց գալուց հետո համակարգում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, այսօր ես նրանց աշխատանքը բարձր եմ գնահատում»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից:

Ցոլակյանը նշեց նաև,որ անձամբ է խնդրել վարչապետին, որպեսզի ՊՎԾ-ն նախարարարությունում ստուգումներ իրականացնի,քանի որ Փրկարար ծառայության տնօրենին աշխատանքից ազատելուց հետո վերջինս բողոք է ներկայացրել, թե նախարարությունում խախտումներ կան։
«Դրա հիման վրա խնդրել եմ, որ ստուգում անեն և պարզեն, եթե խախտում կա, ապա պատժեն»,- ասաց նախարարը և հավելեց, որ 6500 կոլեկտիվում 9 աշխատակից ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի՝ նախարարությունում խախտումներ կան։
«Սա ինքնապաշտպանական բնազդ էր, որովհետև գիտեին, որ կառուցվածքային փոփոխություններ է լինելու, և ստորագրողների մեծ մասը պետք է կրճատվեին։ Նրանք արդյունավետ չեն աշխատել»,- նշեց նա։
Արդեն անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին Ցոլակյանը նշեց,որ արդեն մի քանի օր է, ինչ անձրևներով պայմանավորված, հրդեհներ համարյա չկան։
«Իսկապես, այս տարին հրդեհների քանակով աննախադեպ էր։ Սովորական տարիների համեմատ՝ մոտ 3 հազար հրդեհ ավելի ենք ունեցել։ Պետք է պատրաստվենք եկող տարվա հրդեհներին։ Բայց տեխնիկական վերազինման խնդիր ունենք։ Այս տարի մոտ 260 միլիոնի ձեռքի գործիքներ առանք, որը չունեինք։ Սպասում ենք նոր խմբաքանակի՝ ռուսական և ճապոնական ուղղություններից։
Ցոլակյանը նշեց նաև,որ ունենալու ենք նաև նոր ուղղաթիռ։ Եվ որպեսզի ծախսը քիչ լինի, հարցը լուծելու են ՊՆ-ի հետ համատեղ։

 

Արմինե Գևորգյան