Բավ է պառակտվել
23-09-2015 11:06

Ի՞նչ ենք դավաճանում և ինչո՞ւ են մեզ դավաճանում

Դավաճանությունը դիտարկվում է որպես որևէ մեկի նկատմամբ հավատարմության կամ պարտքի կատարման խախտում: Դավաճանության շրջանակը բավականին լայն է` դավաճանել ընկերոջը, կնոջը, բարեկամին, հարազատին, հայրենիքին: Այս թեմայով gisher.news-ն զրուցել է հոգեբան Դոնարա Խանոյանի հետ, ով ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ անհրաժեշտ է տարանջատել դավաճանությունը լքվածությունից, խաբվածությունից: «Եթե մեջբերեմ Հյուգոյի խոսքերը` «Ես անտարբեր եմ թշնամու հասցրած դաշույնի հարվածի նկատմամբ, սակայն ինձ համար ցավալի է ընկերոջս կողմից հասցված ասեղի ծակոցը», ապա հասկանալի է, որ դավաճանությունը ենթադրում է անձի վարքային բացասական դրսևորումը իր հարազատի նկատմամբ»,-նշեց հոգեբանը: Փորձագետի խոսքով՝ այն անկայուն հոգեվիճակ է, որին նպաստում է մարդու արժեհամակարգը, ներաշխարհային կոնֆլիկտները, հոգեկան անբավարարվածությունը, խնդիրները միջանձնային հարաբերություններում, սիրո նվազումը, ներքին խնդիրները` ինքնավստահության բացակայությունը, ներքին վախը և այլն: «Օրինակ տղամարդը կարող է դավաճանել կնոջը տարբեր պատճառներով (ի դեպ դրանք խիստ անհատական են) ` պարզ հետաքրքրասիրություն, փոփոխություն, ինքնահաստատվելու միտումներ, բարեկեցության դրսևորում»,-մատնանշեց Դոնարա Խանոյանն ու հավելեց. «Հասարակական վերաբերմունքը նույնպես մեծ ազդեցությւն ունի` կնոջը դատապարտում են և քարկոծում, իսկ տղամարդուն թերևս արդարացնում: Խուսափելու համար անհրաժեշտ է միջանձնային հարաբերություններում ներդաշնակություն պահպանել»: Խոսելով արդեն հայրենիքի դավաճանության մասին, մասնագետն ընդգծեց, որ այն համարվում է ծանր հանցանք, դրդապատճառները կրկին անհատական են` սկսած սեփական գիտակցական շահադիտական նպատակներից մինչև հոգեկան լուրջ շեղումների դրսևորումներ: «Կտակարանում ասվում է, որ Պետրոսը 3 անգան հրաժարվեց Հիսուսից, սակայն մինչ օրս էլ մեծ հարգանքով ենք խոսում նրա մասին, իսկ Հուդան 1 անգամ դավաճանեց, որն էլ համարվում է դավաճանության էտալոնը»,-մեջբերեց ու ավարտեց հոգեբանը:

Տաթև Առաքելյան