Բավ է պառակտվել
31-01-2020 16:22

Ի՞նչու դատախազությունը չի տրամադրում քրգործի նյութերը՝ Քոչարյանի պաշտպանական կողմին


ՀՀ Վերաքննիչ դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր քննվում էր առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված դատախազության բողոքը: Առաջին ատյանի դատարանը, հիշեցնենք, բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը` «Մարտի 1-ի» գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու վերաբերյալ: Դատախազությունը բողոքել էր առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այսօրվա նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն ներկայացրեց: Հիմնավորումները վերաբերվում են դատավորի սուբյեկտիվ լինելուն:
Միջնորդության դեմ առարկելիս մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այն որակեց սադրանք՝ ասելով, որ պաշտպանները դատավորի վերաբերյալ արտահայտություններ արեցին, դրանք ներկայացրին որպես անկողմնակալությունը կասկածի տակ դնող հանգամանք եւ դրեցին ինքնաբացարկի հիմքում. «Այսինքն՝ ըստ պաշտպանների՝ կարելի է, պատկերավոր ասած, դատարանին վիրավորել, եւ հաջորդ քայլին ասել՝ քանի որ ես ձեզ վիրավորեցի, դուք իմ նկատմամբ ունեք կողմնակալ վերաբերմունք, եւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել»:
Դատախազը պնդեց`դատավորի սուբյեկտիվության մասին պաշտպանական կողմի բերած պնդումները հիմնավորված չեն, իրականությանը չեն համապատասխանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատավոր Արմեն Դանիելյանը չեղարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը` Ռոբերտ Քոչարյանին Արցախի գործող եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատելու մասին: Այդ բողոքը քննելիս Արմեն Դանիելյանի նախագահությունը նշանավորվել էր աննախադեպ իրադարձությամբ՝ դատավորը պաշտպանական կողմին թույլ չէր տվել ելույթ ունենալ:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործի նյութերին ամբողջական ծավալով ծանոթանալու արգելքը սահմանափակում է իր պաշտպանյալի իրավունքները։ Փաստաբանը պնդում է, որ դատախազությունն իրենց թիմին ընտրովի նյութեր է տրամադրել: Օրինակ բերելով`պաշտպանն ասաց` կան մեկ ոստիկանի ցուցմունքներն ինչ-որ դրվագի մասին, բայց չկան այդ դրվագի մասին մյուս ոստիկանի ցուցմունքները: Փոխարենը կան նյութեր իրադարձությունների մասին, որոնք իր համոզմամբ, ոչ մի կապ չունեն «Քոչարյանի եւ մյուսների» գործի հետ: Այս ամենը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի մոտ դատախազության գործողությունների վերաբերյալ անվստահություն են առաջացրել։ Սակայն դատախազ Պետրոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ու տվյալ փուլում քննարկվում է նախաքննության ընթացքում գտնվող քրեական գործի ողջ նյութերը հրապարակայնացնելը։
«Այն քրեական գործը, որը գտնվում է նախաքննության փուլում, ունի գաղտնիության ռեժիմ, չի կարող տրամադրվել պաշտպանական կողմից։ Դրանով կարող են վնասվել այլ անձանց իրավունքները ևս։ Գործում ներգրավված են բազմաթիվ տուժողներ, տուժողների իրավահաջորդներ, քննվում են քրեական գործով բազմաթիվ դրվագներ, որոնք այս փուլում հրապարակման ենթակա չեն»,-ասաց դատախազը։
Սակայն փաստաբան Հովհաննես Խուդոյանը համաձայն չէ դատախազ Պետրոս Պետրոսյանի բերած փաստարկի հետ, թե ամբողջական ծավալով նյութերի տրամադրումը կլինի նախաքննական գաղտնիքի հրապարակում եւ օրենքի խախտում:
Իր ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության որոշումը դատավոր Արմեն Դանիելյանը կհրապարակի փետրվարի 3-ին ժամը 10-ին: