Բավ է պառակտվել
15-09-2022 14:55

Ադրբեջանի հարձակման հետևանքով Հայաստանի մարզերում վնասվել է շուրջ 200 տուն

Ադրբեջանի հարձակման հետևանքով Հայաստանի երեք մարզերում՝ Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց ձորում, նախնական տվյալներով 192 բնակելի շենք է վնասվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նրա խոսքով, վնասվել են նաև վարչական շենքերն ու օժանդակ կառույցները, գյուղատնտեսական նշանակության շինություններն ու հյուրատները։ Վնասվել են նաև ավտոմեքենաներ, այդ թվում՝ շտապօգնության մեքենաներ, որոշ ճանապարհներով երթևեկությունը խոչընդոտվել է։

«Մի շարք տարածքներում հոսանքազրկումներ են եղել, որոնք արագ վերացվել են, Ներքին Շորժայի տարածքում էլէներգիայի հետ կապված խնդիրներ դեռ առկա են, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասաց փոխնախարարը։

Տերտերյանը տեղեկացրեց, որ իրականացվում է վնասների գույքագրում, բոլոր երեք մարզերի վարչակազմերը շուրջօրյա վերահսկում են իրավիճակը, համակարգում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։

Ավելի վաղ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիայի արդյունքում տարհանվել է Ադրբեջանին սահմանակից Հայաստանի երեք մարզերի մի շարք համայնքների մոտ 2750 բնակիչ։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա 4 վիրավոր։