Բավ է պառակտվել
30-05-2022 17:37

Բնակչության 90%-ն անընդունելի է համարում արցախցիների՝ Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակը

Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների գրեթե 90%-ն անընդունելի է համարում Արցախի բնակչությանը Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ շնորհելը։ Այս մասին են վկայում «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի ներկայացրած ուսումնասիրության արդյունքները։

Եվ այսպես, հարցին, թե ընդունելի՞ է արդյոք Արցախի բնակչությանը Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ շնորհելը, «միանշանակ անընդունելի է» պատասխանել հարցվածների 83.3%-ը, «ավելի շուտ անընդունելի»՝ 6%-ը։ Ընդ որում, հարցվածների 1,5%-ն այս տարբերակը համարել է միանշանակ ընդունելի, հարցվածների 2,9%-ը՝ ավելի շուտ ընդունելի, 6,4%-ը դժվարացել է պատասխանել։

«Ճնշող մեծամասնությունը՝ գրեթե 90 տոկոսը, նշել է, որ այդ մոտեցումն իրենց համար անընդունելի է»,- ասաց Նավասարդյանը։

Հարցման համաձայն՝ հարցվածների 45,7%-ը չգիտեր մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման մասին։

Հանդիպման մասին իմացած հարցվածների 54,3%-ից 11,2%-ը բանակցությունների արդյունքները գնահատել է ամբողջությամբ դրական, 23,5%-ը՝ ավելի շուտ դրական, 15,4%-ը՝ ավելի շուտ բացասական, 35,6%-ը՝ լիովին բացասական։

Հարցվածները կարծում են, որ Հայաստանը կկարողանա ռազմական օգնություն ստանալ զենքի և ռազմական ուժերի տեսքով՝ հիմնականում Ռուսաստանից (48,1%), Ֆրանսիայից (13,9%), ԱՄՆ-ից (6,4%), Իրանից (1,7%) և ՀԱՊԿ-ից (1,1%)։

Ուսումնասիրությունն իրականացվել է մայիսի 26-28-ը հեռախոսային հարցման միջոցով, որին մասնակցել է 1003 մարդ։