Բավ է պառակտվել
01-06-2020 20:33

Գրեթե կիսով չափ նվազել են հակառակորդի կրակոցից զինծառայողների մահվան դեպքերը․ դատախազ

ԱԺ-ում 2019թ. տարեկան զեկույցն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Վերջինս ներկայացրեց կատարված բարեփոխումներն ու հանցագործությունների հետ կապված վիճակագրությունը։
Դատախազը խոսելով բանակում մահվան դեպքերի ու հանցագործությունների նվազման մասին, ասաց, որ ՀՀ–ում և Արցախում 2019–ին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, 2018–ին` 63 դեպք։ Նախորդ տարի արձանագրված 49 մահվան դեպքերից 20-ը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, իսկ 29-ը զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներիով են պայմանավորված եղել։
2018-ի համեմատ, նախորդ տարի գրեթե կիսով չափ նվազել են հակառակորդի կրակոցից զինծառայողների մահվան դեպքերը։
36.4 տոկոսով էլ նվազել են ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը։ Իսկ սպաների շրջանում 33 տոկոսով նվազել են հանցավորության մակարդակը։
Հիշեցնենք, սակայն որ 2020թ.–ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ: Ընդ որում՝ զինծառայողները չեն զոհվել հակառակորդի կրակոցի հետևանքով:
Գլխավոր դատախազը անդրադարձավ նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվին: Ասաց, որ նախորդ տարի քննված քրեական գործերի ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի են եղել։
Ըստ նրա՝ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը, նախնական հաշվարկով, կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ, տարվա ընթացքում վերականգնվել է 12,4 մլրդ դրամի վնաս:
Ներկայացնելով հանցագործությունների վիճակագրությունը, ասաց,որ թիվն աճել է: «2019 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26 հազար 850 դեպք: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8 տոկոսով»,- ասաց դատախազը:
Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ քրեական ենթամշակույթ կոչվող արատավոր երեւույթն արմատախիլ անելու հարցում խիստ եւ հետեւողական են լինելու:

 

 

Արմինե Գևորգյան