Բավ է պառակտվել
02-04-2022 12:57

Դադարեցվել է գազի մատակարարումը Արցախում և Հայաստանի երկու քաղաքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր` ապրիլի 2-ին, ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։

«Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը»,- ասվում է ընկերության ֆեյսվուքյան էջում։
Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Հիշեցնենք, որ մարտին Արցախի բնակչությունը երկու անգամ զրկվել է գազամատակարարումից։

Մարտի 8-ի գիշերը Արցախի բնակիչները մնացել են առանց բնական գազի, որը ստացվում է Հայաստանից միակ գազատարով։ Պատճառը Ադրբեջանի կողմից վերահսկվող Շուշիի տեղանքում խողովակի վթարն էր։ 10 օրից ավելի ադրբեջանական կողմը խոչընդոտում էր վթարված հատվածի վերանորոգման ու տարածքի ականազերծման աշխատանքները։

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում գազի մատակարարումը վերականգնվեց մարտի 19-ին, սակայն մարտի 21-ին կրկին դադարեցվեց։ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ վերանորոգման ընթացքում ադրբեջանական կողմը խողովակի վրա փական է տեղադրել, որի միջոցով էլ անջատել է գազը։

Սաստիկ ցրտի պայմաններում արցախցիները մնացել էին առանց գազի և ջեռուցման, եղել են հոսանքազրկումներ, իսկ դպրոցների արձակուրդները սկսվել են նախատեսվածից շուտ։ Մարտի 28-ին հայտնի դարձավ հանրապետության գազամատակարարումը վերականգնելու մասին։