Բավ է պառակտվել
16-10-2019 19:23

Ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվեց ավագ Տիգրան Առաքելյանը (Տեսանյութ)

Տիգրան Առաքելյանը Արարատի մարզի Արգավանդ գյուղից էր, երկու անչափահաս երեխաների հայր։ Նա ոստիկանության համակարգում էր 2002թ, ուներ ոստիկանության ավագի կոչում։ Այսօր լուսադեմին սակայն Տիգրանը սպանվեց ծառայողական պարտականությունները կատարելիս։ Տիգրանը և 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը, ով նույնպես ոստիկանության աշխատակից էր՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։
Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, և նրանցից մեկւը խլել է ոստիկանին ամրակցված զենքը և կրակել ։ Այսօր կեսօրին ոստիկանապետի ժամակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը այցելեց հիվանդանոցում գտնվող վիրավորում ստացած ոստիկանին։ Արդեն լրագրողների հետ զրույցում առավել մանրամասն ներկայացրեց եղելությունը։
«Ոստիկանության ծառայողը իր պարտականությունները կատարելիս տեսնում է կասկածելի անձանց, և իրենք են հետամուտ լինում այդ կասկածելի անձանց ինքնությունը պարզելուն, և երբ մոտեցել են նշված անձանց, վերջիններս դիմել են փախուստի, մեր ոստիկանները հետապնդել են նրանց և կարողացել են մեկին բռնել։ Երկրոդը, որը մինչ այդ կարողացել էր դիմել փախուստի, Ազատության պողոստայի և Բաբայան փողոցի հատման խաչմերուկում՝ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, մթության մեջ միանգամից հարձակվել է մեր 2-րդ ոստիկանի վրա և փորձել ազատել իր բռնված ընկերոջը։ Այդտեղ որոշակի քաշքշուկի ընթացքում գողացվել է մեր ոստիկանի ատրճանակը, որը հատուկ պարանով ամրակապված է եղել իր վրա, և արձակել կրակոցներ։

Կարճ ժամանակահատվածում կարողացել ենք պարզել այդ ստահակներին, և վերջիններս արդեն մեզ մոտ են, խոստովանում են»,- ասաց ոստիկանապետը։
Ձեռարկված օպերատիվ միջոցների շնորհիվ արդեն կեսօրին բերման ենթարկվեցին երկու երիտաոսարդ։ Պարզվեց,որ նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ։ Արդեն նախաքննության ընթացքում պարզվեց, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, որից հետո նկատվել են ոստիկանների կողմից և դիմել փախուստի։
«Ես կցանկանամ մի հանգամանքի մասին խոսել, կուզեմ, որ հանրային ընկալման մեջ բոլորը գիտակցեն՝ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն, և խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր այսկերպ կամ որևէ կերպ կհանդգնեն պետության վրա ձեռք բարձրացնել։ Քննության արդյունքների մասին, ենթադրում եմ, դուք կտեղեկացվեք, որովհետև սա որոշակի առումով հետաքրքրություն է ներկայացնելու, որովհետև մեծ հաշվով սպանվել է ոստիկան, սպանվել է իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, չեմ վարանի ասել՝ խիզախաբար, որովհետև իրենք կարող էին ուղղակի չտեսնելու տալ, չհետապնդել, բռնելուց հետո էլ այդ երկար տարածությունը չվազել, ձեռնամարտի հնարք չկիրառել և այլն»։
Սարգսյանի խոսքով՝ սպանության տարածքի տեսախցիկներից զատ այլ հանգամանքներ են եղել, որոնք օգնել են բացահայտել սպանությունը։
Սարգսյանի խոսքով՝ զոհված ոստիկանի ընտանիքին և վիրավորված ոստիկանին պետության հնարավորության սահմաններում օգնելու են։
«Մեր վիրավորված ոստիկանը երկարամյա ծառայության փորձ չունի, բայց զոհված ոստիկանը 38 տարեկան էր, և արդեն լրանալու էր կենսաթոշակային տարիքը, ունի երեխաներ։ Պատրաստվում ենք պետության ողջ հնարավորությունների չափով օժանդակել մեր գործընկերոջը, դա ուղղակի մեր բարոյական պարտքն է նաև խրախուսել, փառաբանել նման անձանց, որպեսզի իրենց ընտանիքի անդամներն էլ հասկանան, որ իրենց զավակները, ամուսինները, իսկ մեր մյուս ծառայողներն էլ կգիտակցեն, որ իրենց գործընկերները խիզախություն են գործում հանուն պետության և պետությունն էլ գնահատում է նրանց վարքագիծը»։

Նշենք,որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով՝ ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը (հետմահու) և վիրավորում ստացած ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Ա. Հ.-ն ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորած խիզախության համար պարգևատրվել են «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով։

 

Արմինե Գևորգյան