Բավ է պառակտվել
01-08-2017 18:36

Մանրամասներ՝ Արագածոտնի մարզի գերեզմանատանը տեղի ունեցած կրակոցներից (Տեսանյութ)

 

Ականատեսի վկայություն.
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի բնակիչ Նրազ Նաբոյանը ԶԼՄ-ներին է ներկայացրել մի քանի զոհի պատճառ դարձած միջադեպի մանրամասները:
«Ամեն տարի օգոստոսի 1–ին մեր գյուղում մեռելոց են նշում և հարազատների ու բարեկամների հոգեհանգստի արարողություն կատարում։ Շենքում գտնվում էր մոտ 500 մարդ, երբ հանկարծ ներս մտավ զինված տղամարդը, և սկսեց կրակել»,- պատմել է Նաբոյանը, հավելելով, որ ինքը ծանոթ չէ կրակողի հետ:
Կրակոցների արդյունքում տուժել է 11 մարդ, որոնցից երեքը մահացել են տեղում, ևս մեկ տուժած՝ հիվանդանոցում:
Ականատեսի խոսքերով, սպանվածներից երկուսը Հայաստան էին եկել Ռուսաստանից, մյուս երկուսը Շամիրամ գյուղի բնակիչներ էին:
«Այն բանից հետո, երբ նա կրակեց առաջինի վրա, բղավեց, որ բոլորը պառկեն հատակին։ Նա կատաղության մեջ էր, և բղավում էր ինչ-որ պարտքերի մասին, պահանջում էր՝ «վերադարձրեք իմ փողերը», բայց անուններ չէր նշում։ Առաջինին նա դիտավորյալ կրակեց, այնուհետև կրակ բացեց բոլորի ուղղությամբ։ Նա կրակում էր ավտոմատից և մենակ էր գործում։ Դա մոտ 40 տարեկան եզդի էր»,- ասել է Նաբոյանը:
Նաբոյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվել հետո, և ինչպես է հանցագործին հաջողվել թաքնվել:

Դրդապատճառ.
Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում երկու և ավելի մարդկանց սպանության փաստով:
Ինչպես հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված, մուտք է գործել շինություն, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի:
Ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ մահացել է տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բուժհաստատություններ:
Ստեղծվել է քննչական խումբ: Մասնագետների ներգրավմամբ իրականացվում է դեպքի վայրի զննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Պաշտոնական վարկած.
Արագածոտնի մարզպետարանը սպասում է Շամիրամ գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած կրակոցների գործով նախաքննության արդյունքներին: Այս մասին « Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնել է մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Զորյանը:
« Մենք դեռևս չենք տիրապետում լրացուցիչ ինֆորմացիայի: Ոստիկանությունը տվյալ պահին շարունակում է աշխատել դեպքի վայրում: Նախաքննություն է իրականացվում: Մենք սպասում ենք պաշտոնական արդյունքներին»,- հայտարարել է Զորյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Gisher.news-ն, երեքշաբթի օրը, անհայտ անձը ներխուժել էր Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող սգո սրահ, և կրակ բացել ներկաների վրա: Արդյունքում 11 մարդ հրազենային վիրավորում էր ստացել, որոնցից երեքը մահացել էին տեղում, ևս մեկը՝ հիվանդանոցում:
Զորյանն ընդգծել է, որ տվյալ պահին չի կարող հերքել կամ հաստատել միջադեպի հետ կապված ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները:
« Արագածոտնի մարզպետն այցելել է Աշտարակ քաղաքի բուժկենտրոն, որտեղ տուժածներին ցուցաբերվել էր առաջին օգնությունը, ինչից հետո հրազենային վիրավորումներ ստացած անձանցից երեքը տեղափոխվել էին Երևան»,- ասել է մարզպետարանի աշխատակցուհին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից՝ հղում անելով մարզպետարանի առողջապահության և սոցիալական անվտանգության վարչության ղեկավար Արմեն Պետրոսյանին, առավել ծանր վիճակում գտնվող չորս տուժածները տեղափոխվել են Երևանի «Արմենիա» և «Աստղիկ» բժշկական կենտրոններ։
«Մնացած երեքին շարունակում են բուժօգնություն ցուցաբերել Աշտարակում։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն, միջին ծանրության։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Աստղիկ» ԲԿ-ից հայտնել են, որ երկու տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր։ Վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Նա մահացել է «Արմենիա» ԲԿ–ում վիրահատության ժամանակ։