Բավ է պառակտվել
24-08-2022 09:04

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դադարեցվել են, անհետ կորածի մարմինը չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Երևանի «Սուրմալու» ԱԿ-ում, որտեղ օգոստոսի 14-ին տեղի էր ունեցել պայթյուն, որոնողական աշխատանքները դադարեցվել են, հայտնել է ԱԻՆ մամլո քարտուղար Հայկ Կոստանյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։

«Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։ առաջացած հրդեհից և պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։ Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները»,- գրել է Կոստանյանը։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է մոտ 2,8 քմ ընդհանուր մակերեսով եռահարկ շենք։ ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, մեկը համարվում է անհետ կորած։ Տուժել է 63 անձ, այդ թվում՝ երեխաներ։ Շաբաթ օրվա դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 3 քաղաքացի։ Օգոստոսի 17-18-ին Հայաստանում և Արցախում սուգ էր հայտարարվել։