Բավ է պառակտվել
01-06-2022 20:33

Ոստիկանությունը ուժ է կիրառում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ

Հայաստանի լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ոստիկանների կողմից լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ուժ գործադրելու և մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ։

Նշվում է, որ մայիսի 30-ին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք» թերթի լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ՝ հարվածելով ու գցելով նրան։ Բախումների ընթացքում իրավապահները ուժ են գործադրել նաև Yerkir.am լրատվական կայքի խմբագիր Վահե Սարգսյանի նկատմամբ՝ փորձելով նրան բերման ենթարկել: Երկու լրագրողներն էլ այդտեղ են եղել՝ ակցիան լուսաբանելու համար և կատարում էին իրենց մասնագիտական պարտականություններնը։

«Թեպետ ընդհարումների ժամանակ ոստիկանությունը չի կիրառում մահակներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ, այդուհանդերձ, իրավապահները զերծ չեն մնում անհամաչափ ուժի կիրառումից, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունը բռնությամբ խոչընդոտելուց։ Մինչդեռ, ոստիկանները պարտավոր են իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների համար աշխատանքի անվտանգ պայմաններ ապահովել»,- ասվում է հայտարարությունում։
Լրագրողական կազմակերպությունները խստորեն դատապարտում են հարձակումները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ և պահանջում են ՀՀ ոստիկանությունից ծառայողական քննություն իրականացնել և բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին, նրանց պատասխանատվության ենթարկել և այդ մասին իրազեկել հասարակությանը։ Միջոցներ ձեռնարկել՝ ոստիկանության ծառայողների առավել հմուտ գործելաոճի, լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանք և հանդուրժողականություն ցուցաբերելու, զանգվածային միջոցառումների ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգության ապահովման համար
Հայտարաությունը ստորագրել է 11 լրագրողական կազմակերպություն, այդ թվում՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումբը և այլն։