Բավ է պառակտվել
11-02-2022 23:16

Երևանցիների կեսը դժգոհ է հայ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու որոշումից

Հարցված երևանցիների մոտ 47,1%-ը դժգոհ է ՀԱՊԿ հակաահաբեկչական գործողության շրջանակներում հայ խաղաղապահների Ղազախստան գործուղումից (այս տարվա հունվարին)։ Այսպիսի տվյալներ է ուրբաթ լրագրողներին ներկայացրել «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

«Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ հակաահաբեկչական գործողության շրջանակներում Ղազախստան հայկական խաղաղապահ զորախումբ ուղարկելու որոշմանը, հարցվածների 10,3%-ը պատասխանել է «ավելի շուտ բացասաբար», 36,8%-ը` «միանշանակ բացասաբար»,- ասել է Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ այս որոշմանը «միանշանակ դրական» է վերաբերվել հարցվածների 11,2 տոկոսը, «ավելի շուտ դրական»՝ 18,8 տոկոսը։ Հարցման մասնակիցների 22,8%-ը դժվարացել է պատասխանել։

«GALLUP International Association»-ի հարցում անցկացվել է Երևանում հունվարի 24-ից փետրվարի 2-ը, 800 քաղաքացու շրջանում։

Անկարգություններ Ղազախստանում

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում սկսվել են բողոքի ցույցեր, որոնք վերաճել են անկարգությունների ու ջարդերի՝ ուղեկցվելով ոստիկանության, զինվորականների և պետական ​​մարմինների վրա հարձակումներով։ Հազարավոր մարդիկ վիրավորվել են, մի քանի տասնյակն,այդ թվում՝ ոստիկաններ մահացել։

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ՀԱՊԿ-ին ուղղված կոչից հետո սահմանափակ ժամկետով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ Խմբավորման կազմում ընդգրկված էին Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք պաշտպանության տակ էին վերցրել Ղազախստանի ռազմավարական կարևոր օբյեկտները։